Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 14-ից 15-ը Գերմանիայի Քրիստոնյա-Դեմոկրատական Միություն կուսակցության ղեկավարության հրավերով Հայաստանի կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը աշխատանքային այցով գտնվում էր Գերմանիայում` ՔԴՄ տարեկան համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Արտգործնախարարության հաղորդմամբ, Կարլսռուհեում տեղի ունեցած համաժողովին մասնակցելուց բացի նախարար Աշոտյանը դեկտեմբերի 14-ին աշխատանքային հանդիպումներ է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի խմբակցության փոխնախագահ Ֆրանց-Յոզեֆ Յունգի և Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգների հետ:

«Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՔԴՄ և ՀՀԿ միջև համագործակցության հեռանկարները, խորհրդարանականների միջև շփումների ակտիվացման և երկկողմ փոխայցելություններ իրականացնելու հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման գործընթացին:

Դեկտեմբերի 15-ին նախարար Աշոտյանին և Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի լուսավորության, երիտասարդության և սպորտի հարցերով նախարար Անդրեաս Շտոխը: Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են Հայաստանի և Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի միջև դպրոցական կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև` միջնակարգ մասնագիտական կրթական համակարգում փորձի փոխանակման հնարավորությունը»,- նշված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG