Մատչելիության հղումներ

21-րդ դարի արվեստը ավելի «պրակտիկ խնդիրների հետ է կապված»


Հենրիկ Էդոյան
Հենրիկ Էդոյան

«Գաղափարական, մտավոր, հոգևոր ասպեկտները շատ թույլ են արտահայտված», - կարծում է բանաստեղծ Հենրիկ Էդոյանը:

«Մշակույթը, գրականությունը, արվեստը այն բարձրագույն արժեքներն են, որոնք մարդկությունը կրում է, բերում է իր հետ հազարամյակների միջով մինչև մեր օրերը՝ որպես մարդու առաջընթացի, զարգացման կարևորագույն միջոց», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտում էր բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Հենրիկ Էդոյանը՝ ցավով շեշտելով, որ մեր օրերում ողջ աշխարհում է նկատվում մշակույթի, գրականության և արվեստի նկատմամբ հետաքրքրության նահանջ:

«Երբեք այսքան ծանր դրություն չի ստեղծվել ոչ միայն քաղաքական, ոչ միայն տնտեսական, այլև հոգևոր, մշակութային, բարոյահոգեբանական ընդհանուր մթնոլորտը․․․ մարդկությունը ապրում է մի շատ մեծ անցման․․․ կարևոր բան է ապրում: Թե ինչ պիտի լինի վերջում, ոչ ոք չգիտի», - ասաց նա:

Եվ այս համատեքստում, համոզված է Էդոյանը, խոսել գրականության ու արվեստի մասին, կնշանակի ինչ-որ պարադոքսալ, արտառոց բանի մասին խոսել, քանի որ հոգևոր, մտավոր, մշակութային արժեքները այսօր մարդկանց մեծ մասին չեն հետաքրքրում:

Մինչդեռ հենց արվեստի ու գրականության ուժն է առաջ մղել մարդկությանը և հասցրել ամենամեծ՝ անգամ տիեզերական նվաճումների, իսկ 20-րդ դարի 2-րդ կեսից, համոզված է Հենրիկ Էդոյանը, մարդը գերազանցապես սպառողն է նյութական, այլ ոչ թե հոգևոր արժեքների․ - «21-րդ դարի արվեստը ավելի պրակտիկ խնդիրների հետ է կապված․ գաղափարական, մտավոր, հոգևոր ասպեկտները շատ թույլ են արտահայտված»:

Նշելով, որ 18-րդ, 19-րդ դարերում ձեղնահարկերում կիսաքաղց ստեղծագործող գրողներն ու արվեստագետները համոզված էին, որ իրենք վիթխարի աշխատանք են կատարում գալիք սերունդների համար, իսկ հիմա մարդը վաղվա օրվա հանդեպ հավատ չունի՝ Էդոյանը շարունակեց․ - «[Մինչդեռ] Հիմքը դա է․․․ որովհետև եթե մարդը մահանում է, և հոգին էլ հետը մահանում-գնում է, ամեն ինչ վերածվում է աբսուրդի․․․ Եթե Աստված չկա, ամեն ինչ անիմաստ է, Աստծո բացակայությամբ ամեն ինչ բացակայում է՝ անմահությունը, հավերժությունը, միտքը, գաղափարը, ներքին պատասխանատվությունը․․․․ կուլտուրան անհետանում է։ Հենց կուլտուրա բառի մեջ կուլտ բառն է, պաշտամունքային իմաստ կա դրա մեջ»:

Էդոյանի կարծիքով, մեր օրերում նաև համահարթեցում է գնում, անհատները վերանում են աստիճանաբար․ հայ ժողովրդի համար առավել դժվար է, որովհետև Ցեղասպանոությունից ու բոլշևիկյան դիկտատուրայից չափազանց շատ է տուժել: Եվ խոսքը միայն ֆիզիկական ոչնչացման մասին չէ․ - «Ամենամեծ ստորությունը բոլշևիկների, կոմունիստների այն էր, որ ոչ թե, ասենք, վաթսուն միլիոն մարդ է սպանել Ստալինը: Ամենակարևորը՝ հոգին է սպանված․ մարդիկ դարձել են մատերիալ գրող, բամբասկոտ, ստախոս, խարդախ․․․ այդ բանը մտել է ժողովրդի գիտակցության մեջ: Դա դուրս հանելն է դժվար․․․ Նախ պիտի ազատվես այդ բեռից»:

Խոսելով նորանկախ Հայաստանի այսօրվա վիճակի մասին՝ նա ասաց․ - «Երբ վերցնում ես այդ արտաքին ճնշումները, մնում է ինքը: Դու ինքդ որոշի՝ դու ով ես, ինչ ես քեզանից ներկայացնում․․․ Բոլոր կեղծիքները, բոլոր պատրանքները գնացին: Խուճապահար վիճակում է գտնվում, շատ վատ վիճակում է գտնվում: Բարոյահոգեբանական մթնոլորտը Հայաստանում ահավոր վիճակի է հասել»:

Հարցին, թե ինչը պետք է փոխել, Էդոյանը արձագանքեց․ - «Նախ իմանանք ինչը փոխենք․․․ Սահմանադրությո՞ւնը փոխենք․․․ Սահմանադրության մասին մի անգամ ասել եմ՝ գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում․ նույն մարդիկ են․․․ Աշխարհի լավագույն սահմանադրությունը բերես մեր երկրում․․․ նույն մարդիկ են գործում, չէ՞․․․ Ուրեմն մարդը պիտի փոխվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG