Մատչելիության հղումներ

Վարորդների իրավունքները պաշտպանող ՀԿ-ները հրավիրվել էին Արդարադատության նախարարություն


Վարորդների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները համաձայն չեն տուգանքների նոր մեխանիզմի հետ, որն առաջարկում է Արդարադատության նախարարությունը։

Այսօր նրանք հրավիրվել էին նախարարություն՝ քննարկելու «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը, որովորոշ իրավախախտումների դեպքում տրանսպորտային միջոցների վարորդները տուգանվելու փոխարեն կնախազգուշացվեն, եթե այն միտումնավոր չէ, նվազ նշանակություն ունի կամ վարորդը տեղում վերացնում է այն։ Սա վերաբերում է խաչմերուկների հատման կանոնների, գծանշումների և մոտ մեկ տասնյակ այլ խախտումների։ Ներդրվելու է նաև բալային նոր համակարգ՝ այն վարորդները, ովքեր կհավաքեն 600 բալ կամ 300,000 դրամի չվճարված տուգանք կունենան, կարող են զրկվել վարորդական իրավունքից։ Ինչ վերաբերում է մինչ այժմ տուգանքներ կուտակած վարորդներին, ապա նրանք մայր գումարը մարելու համար հավելյալ 6 ամիս ժամանակ կունենան։

Մոտ մեկուկես ժամ տևած քննարկումից հետո հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները դժգոհ դուրս եկան։ Տուգանքների չափ որոշելուց առաջ նախ թող երթևեկությունը բարելավեն՝ ասում էին նրանք։

«Յուրաքանչյուր խաչմերությում ստեղված է այն վիճակը, որ վարորդն առանց իր ցանկության պարտադիր պիտի խախտում անի, ստիպված է խախտում անել», - ասում էր «Անհատ վարորդների իրավունքի պաշտպանություն հասարակական կազմակերպություն» ՀԿ նախագահ Մխիթար Օհանյանը։

Հասարակական կազմակերպությունները իրենց առաջարկներն են ներկայացրել։ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը նրանք բարեփոխում չեն համարում։

«Չենք համարում, որովհետև ոչ մի նոր փոփոխություն չկա, այսինքն 6 ամսով համաներում են անում, երկարացնում են ի՞նչը, մարդը չի կարողանում մուծի, պետք ա մայր գումարով մաքրել գոնե մի անգամ, եթե ամբողջ ազգի ակտերը չեն մաքրում, գոնե մաքրեն տաքսիների, երթուղայինների ու ավտոբուսների վարորդներինը», - ասում է «Ուղևորափոխադրումների կազմակերպում» ՀԿ նախագահ Պողոս Օղլուկյանը։

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ ներկայացնում է իրենց պահանջները․ - «Առաջինը համաներում մայր գումարներին, երկրորդը՝ պատասխանատվությունը ուզում են վերագրել փոխադրող կազմակերպություններին, իրենցից պահանջեն։ Շատ կներեք՝ առանց այն էլ 4 տարի պատերազմ է գնում տեսախցիկների և ժողովրդի միջև։ Այդ պատերազմը չվերջացած՝ հիմա էլ որոշել են իրենց գումարները հայթայթեն փոխադրող կազմակերպություններից։ Եվ երրորդը՝ մեկ րոպե կայանելը մենք առաջարկել ենք 1-5 րոպե մինչև՝ հղի կին կլինի, գումարը մանրել պետք կլինի, ծեր մարդ կլինի՝ տարբեր հանգամանքներ»։

Երևանի Կորյուն-Աբովյան խաչմերուկում կայանած անհատ տաքսու վարորդները նշում էին, որ ամեն օր են օրենքը խախտում։ - «Ստիպված ենք խախտել, քանի որ կայանելու տեղ չունենք», - ասում էին նրանք։

«Դրդում են, որ մարդիկ ովքեր փորձում են աշխատել նորմալ, էլ չաշխատեն, գնան հանցագործություն անեն։ Դե եթե պրավեն էլ պետք ա ձեռիցս վերցնեն, էն էլ վերցնեն, ուրեմն ի՞նչ պետք ա անեմ», - հարցնում է վարորդ Հենրի Սևոյանը։

Գարիկ Հովակիմյանը հավելում է․ - «Ըտենց որ լինի, ստեղ ինչքան վարորդ կա՝ բոլորի վարորդական իրավունքները պիտի մի ամսվա մեջ վերցնեն, որովհետև, եթե ես էսօր առնում եմ էդ 5000 դրամը, ըդտեղից ես տալիս եմ գազի փող 3000, 2000 դրամը տանում եմ իմ տուն, որ էդ էլ տամ իրանց կամ էդ վարորդական իրավունքն էլ իմ ձեռից վեկալեն, բա ես վաղը ի՞նչ անեմ»։

«Ինչ կար բռնագանձել են, դե հիմա թող մեզ ել բռնագանձեն, էդ ա, մենք ենք մնացել», - շարունակում է Սևոյանը։

Վարորդ Գարիկ Հովակիմյանը նշում էր, որ ինքն արդեն մի քանի միլիոն դրամի տուգանք է կուտակել․ - «Իմ վրա ինչքան ակտ եկել ա՝ ես չեմ մուծել։ Էսօրվա դրությամբ իմ անունով սեփական ոչ մի բան չունեմ, ես իմ մեքենան հարևանիս անունով եմ գրանցում, որ վաղը մյուս օր չգան էս ձեռիցս խլեն տանեն, բայց ինչ անեմ, եթամ դառնամ հանցագո՞րծ։ Իրանցից աշխատանք եմ ուզում, ոչ մի բան չեմ պահանջում, մի հատ տեղ հատկացնեն՝ 5 մեքենայի տեղ տան, ամեն մեկս մեր գործն անենք, մեր ընտանիքը պահենք, ավել բան չենք ուզում մենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG