Մատչելիության հղումներ

Զուրաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին


ՀԱԿ խորհրդարանական խմբակցություն ղեկավարը լրագրողների հետ հանդիպմանը: 16-ը դեկտեմբերի, 2015թ․
ՀԱԿ խորհրդարանական խմբակցություն ղեկավարը լրագրողների հետ հանդիպմանը: 16-ը դեկտեմբերի, 2015թ․

Ազգային ժողովում Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կատարված հանցագործության մասին այսօր հաղորդում է ներկայացրել երկրի Գլխավոր դատախազին՝ սահմանադրական հանրաքվեի օրը հինգ ընտրատեղամասերում տվյալների կեղծման փաստերի շուրջ:

Այդ կեղծիքների արդյունքում, Զուրաբյանի պնդմամբ՝ փոխվել են տեղամասային հանձնաժողովում արձանագրված արդյունքները:

Համեմատելով հինգ ընտրատեղամասերի ամփոփիչ արձանագրությունների քաղվածքները և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջնական տվյալները՝ ՀԱԿ-ը հայտնաբերել է, որ «այո»-ի քվեները «մի քանի անգամ ավելացվել են, իսկ «ոչ»-ինը՝ պակասեցվել»․ - «Տեղամաս 5/38-ը: Օրիգինալը մեզ ենք պահել, որ պաշաճ մարմիններին ներկայացնենք»:

Զուրաբյանը ցույց տվեց, իր հավաստմամբ, Արաբկիրի 5/38 ընտրատեղամասի արձանագրության բնօրինակը, որտեղ «պարզ երևում է՝ ստորագրված, կնքված, որ «այո»-ն ստացել է այստեղ 343 քվեաթերթիկ, իսկ «ոչ»-ը՝ 421»: Իսկ նույն տեղամասից ստացված և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված տվյալներում «այո»-ն՝ 343-ի փոխարեն գրված է 1155, իսկ «ոչ»-ի 421-ի փոխարեն՝ 92:

Ներկայացնելով 11/22 տեղամասի արձանագրությունը՝ Զուրաբյանն ասաց․ - «Այստեղ «այո»-ն հավաքել է 156 ձայն, «ոչ»-ը՝ 426: Բայց վերջնական արդյունքում, այսինքն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակվածում, «այո»-ն ստացել է 418, այսինքն՝ 262-ով ավելացվել է, «ոչ»-ը ստացել է 169, այսինքն՝ 257-ով պակասեցվել է»:

Նմանօրինակ տվյալներ Զուրաբյանը ներկայացրեց հինգ ընտրատեղամասերից և, ստորագրելով հանցագործության մասին հաղորդումը, այն ուղարկեց Գլխավոր դատախազություն․ - «Դիմում եմ գլխավոր դատախազին՝ կատարված կեղծիքների վերաբերյալ քննություն կատարելու, մեղավոր անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Կից ներկայացնում եմ տեղամասերի ամփոփիչ արձանագրությունների պատճենները»:

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ տեղի ունեցած «աննախադեպ կեղծիքները» ցույց են տալիս, որ անգամ քվեարկության ողջ օրվա ընթացքում կատարված ընտրակեղծարարությունը բավարար չի եղել «այո»-ի հաղթանակը ապահովելու համար․ - «Ամբողջ գիշերը մարդիկ զբաղված են եղել կեղծելով տվյալները՝ ստորագրություններ լրացնելով մատյանում, նոր արձանագրություններ կազմելով և այլն, և այլն: Սա էլ չի բավարարել: Եվ անգամ այդ բերված արձանագրությունները արդեն համարել են ոչ-բավարար, արդեն դրանք էլ են կեղծել: Լրիվ նոր արձանագրություններ են լրացրել, որոնք տարբերվում են այն արձանագրություններից, որոնք տրվել են մեր վստահված անձանց, և այդ արձանագրություններն արդեն հրապարակել են որպես պաշտոնական տվյալներ»:

Այս «աղաղակող կեղծարարության» համար, ըստ նրա, պետք է պատասխան տան թե՛ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը և թե՛ ողջ հանձնաժողովը․ - «Ես չգիտեմ, իրենց բերել են կեղծված ստորագրություն, իրենք դա հալած յուղի տեղ ընդունե՞լ են, թե՞ իրենք են կեղծել՝ ուրիշ արձանագրություններ են արել: Ես դա չեմ կարող ասել: Գիտենք վերջնական փաստը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է արդյունքներ, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ: Անգամ եթե պարզվի, որ իրենց բերել են կեղծված արձանագրություններ, և իրենք դրա մասին չեն իմացել և դա հրապարակել են որպես պաշտոնական արդյունք, դա նրանցից պատասխանատվությունը չի հանում ամբողջ այս հանրաքվեն կեղծված չհամարելու համար: Որովհետև մեր բերած ապացույցները ավելի քան բավարար էին, որպեսզի նրանք ինչ-որ գործողություններ ձեռնարկեին, որոնց հետևանքով կբացահայտվեր ճիշտ պատկերը: Իրենք դա չեն արել, իրենք փակել են աչքերը այս ամեն ինչի վրա»:

XS
SM
MD
LG