Մատչելիության հղումներ

Պետք է լռեցնել Ադրբեջանի կրակոցները. հնարավոր չէ բանակցել և կռվել միաժամանակ


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Ավելի քան երկու տասնամյակ միջազգային հանրությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների գլխավորությամբ, որ ներկայացնում են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը, փորձում է բանակցություններ վարել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Բանակցությունների հիմնական խոչընդոտը Ադրբեջանի կողմից կրակոցները չդադարեցնելու համառությունն է և նրա հարձակումների սաստկացումը հակամարտության կարգավորման ամեն վճռորոշ հանդիպման նախօրեին: Նրա ապակառուցողական վարքագիծը միանգամայն անընդունելի է բոլոր նրանց համար, որոնք ներգրավված են խաղաղ կարգավորման գործընթացում: Ադրբեջանը միտումնավոր սրում է իրավիճակը նման առիթներով, ճնշում գործադրելու համար միջազգային հանրության վրա՝ ստիպելու Հայաստանին գնալ միակողմանի զիջումների Արցախում:

Ամեն անգամ, երբ ադրբեջանական ուժերը հարձակվում են Արցախի և Հայաստանի վրա, Մինսկի խմբի միջնորդները, ավելի լարելով իրավիճակը, հերթական հայտարարությունն են տարածում, կոչ անելով երկու կողմերին դադարեցնել կրակը՝ այդպիսով հավասարության նշան դնելով մեղավորի և տուժողի միջև: Բացի այդ, միջնորդները քողարկում են իրենց անպատասխանատու հայտարարությունը՝ պնդելով, որ համոզված չեն, թե որ կողմն է առաջինը կրակել:

Հոկտեմբերին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի (հանրապետական) և գլխավոր դեմոկրատ Էլիոթ Ինգըլի նախաձեռնությամբ Ներկայացուցիչների պալատի 85 անդամների ստորագրությամբ մի նամակ ուղարկվեց Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, դեսպան Ուորլիքին, հորդորելով ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ հետ քաշելու դիպուկահարներին սահմանից, տեղակայել կրակոցների ուղղությունը ճշտող համակարգեր շփման գծի երկայնքով և տարածքում ավելացնել դիտորդների թիվը: Այս միջոցառումները ընդունվեցին Հայաստանի, Արցախի, ԱՄՆ Կոնգրեսի և Մինսկի խմբի համանախագահների կողմից, սակայն մերժվեցին Ադրբեջանի կողմից՝ իր ռազմատենչ նախաձեռնությունները թաքցնելու և դրանք շարունակելու մտադրության պատճառով: Նման անհուսալի պայմաններում, երեք միջնորդները կարող են քննարկել կրակոցների տեղորոշիչ համակարգերի տեղակայումը արցախյան սահմանի ներսում՝ հարձակումների աղբյուրը գրանցելու համար: Եթե միջնորդները չեն ցանկանա նման քայլեր ձեռնարկել, ապա Հայաստանը ինքը պետք է գնի ամերիկյան «Ռեյթեոն» (Raytheon) ընկերության արտադրած տեղորոշիչ համակարգերը և հավաքագրի անկախ օտարերկրյա հասարակական կազմակերպությունների՝ վերահսկելու և արդյունքների մասին միջազգային հանրությանը զեկուցելու համար:

Հենց հայտնաբերվի կրակոցների աղբյուրը՝ միջնորդները պարտավորված կլինեն դատապարտել հանցագործին, հակառակ դեպքում նրանք կխրախուսեն Ադրբեջանին սաստկացնել հարձակումները Հայաստանի և Արցախի վրա:

Այդ ընթացքում միջնորդները պետք է զգուշացնեն Ադրբեջանի բռնապետ նախագահ Իլհամ Ալիևին, որ եթե նա չդադարեցնի և հետ չկանգնի սպառնալիքներից և Հայաստանն ու Արցախը ռմբակոծելուց, իրենք ստիպված կլինեն Ադրբեջանի խախտումները ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ տնտեսական պատժամիջոցներ պահանջելով նրա երկրի դեմ:

Միջնորդները կարող են նաև ժամանակավորապես դադարեցնել իրենց խաղաղարար առաքելությունը՝ հայտարարելով, որ Ադրբեջանի շարունակական կրակոցները խանգարում են հակամարտության լուծում գտնելու գործընթացին: Անկասկած, հնարավոր չէ կռվել և բանակցել միաժամանակ...

Քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմելու՝ եթե լիներ, ապա վաղուց էր պատերազմ սկսել՝ պարզապես սպառնալու փոխարեն, ուստի նա այլընտրանք չունի, քան հետևել կրակը դադարեցնելու միջնորդների կոչին և սկսել լրջորեն բանակցել: Բանակցությունների սառեցումը լուրջ նահանջ կլինի Ադրբեջանի համար, քանի որ սա միակ ճանապարհն է, որով նա կարող է Հայաստանի և Արցախի հետ որոշ պայմանավորվածություններ ձեռք բերելու հույսեր տածել: Մյուս կողմից, հայերն արդեն հասել են իրենց նպատակին՝ ազատագրելով Արցախն ադրբեջանական բռնազավթումից, և որևէ ակնկալիք չունեն հետագա բանակցություններից:

Եթե միջնորդները չսառեցնեն բանակցությունները, Հայաստանի կառավարությունը կարող է որոշել դադարեցնել իր մասնակցությունը այդ անարդյունավետ բանակցություններին՝ դրանով իսկ հստակ ուղերձ հղելով Բաքվին, որ Հայաստանի և Արցախի հրետակոծությունը վնաս է հասցնում հենց Ադրբեջանի սեփական շահերին:

Եթե բանակցությունները չեն դադարեցվում և Ադրբեջանը շարունակում է իր հարձակումները, ապա Հայաստանի կառավարությունը կարող է վերջին հաշվով պատասխանել «զանգվածային և անհամաչափ հարվածներով», ինչպես բազմիցս զգուշացրել է: Թեև ոմանք կարող են մտահոգություն արտահայտել, որ նման գործողությունները կհանգեցնեն բռնությունների հետագա ահագնացման, սակայն դա իրականում կնվազեցնի, եթե ոչ կկանգնեցնի սահմանի վրա տեղի ունեցող անթիվ բախումները, հենց որ Ադրբեջանի ղեկավարները հասկանան, որ իրենք ավելի շատ են կորցնում կռվելիս, քան բանակցելիս: Ցավալի է, որ նախագահ Ալիևը շահարկում է երիտասարդ ադրբեջանցի զինվորների կորուստն առաջնագծում՝ շեղելու համար իր ժողովրդի ուշադրությունը երկրում առկա քաղաքացիական իրավունքների զանգվածային խախտումներից, իր կառավարության վերին օղակներում տիրող կոռուպցիայից և ահավոր տնտեսական պայմաններից՝ նվազող նավթային եկամուտներով պայմանավորված:

Անցյալ շաբաթ ես առիթ ունեցա այս հարցերից մի քանիսը քննարկելու Վաշինգտոնում տարբեր պաշտոնյաների հետ, երբ Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը ԱՄՆ մայրաքաղաքում հանդիպում էր Կոնգրեսի անդամների և ԱՄՆ միջնորդ դեսպան Ուորլիքի հետ: Երկու ընդունելություն էր կազմակերպվել Արցախի արտգործնախարարի պատվին Հայաստանի դեսպանատանը և Կապիտոլիումում, վերջինի համակազմակերպիչներն էին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը, ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, Ամերիկայի Հայկական համագումարը և ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը: Ներկայացուցիչների պալատի մի քանի անդամներ, դեսպան Ուորլիքը և այլ բարձրաստիճան անձինք մասնակցեցին Կոնգրեսի ընդունելությանը՝ զայրացնելով Ադրբեջանի դեսպանությանը, որը ադրբեջանցի ցուցարարների մի փոքր խումբ էր ուղարկել բողոքելու միջոցառման դեմ: Նախագահ Ռոյսը ընդունելության ժամանակ հայտարարեց, որ խնդրել է դեսպան Ուորլիքին այս շաբաթ հանդես գալ Ներկայացուցիչների պալատում Արցախյան հակամարտության վերաբերյալ ճեպազրույցով:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մեծ թվով ակտիվիստներ Ամերիկայի տարբեր կողմերից, այդ թվում՝ տողերիս հեղինակը, անցյալ շաբաթ Վաշինգտոնում միացան Արցախի արտգործնախարար Միրզոյանին՝ Արցախի համար խաղաղության և ժողովրդավարության ուղերձ հղելու Ներկայացուցիչների պալատի և Սենատի տասնյակ անդամներին՝ կոչ անելով նրանց ճանաչել Արցախի անկախությունը Ադրբեջանից:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG