Մատչելիության հղումներ

Խորհրդարանում այսօր կրքերը կրկին թեժ էին


Ազգային ժողովի արտահերթ նիստը այսօր ելույթների պատերազմի վերածվեց, բարիկադների մի կողմում Զարուհի Փոստանջյանն էր, մյուս կողմում` հանրապետականները և «Բարգավաճ Հայաստանը»։

Փոստանջյանը դահլիճից հնչող բողոքների ներքո հայտարարեց, որ հանրապետականները դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրը հարձակվել էին հայ ժողովրդի վրա և բռնության ու կեղծիքի միջոցով անցկացրեցին փոփոխված սահմանադրությունը։ ԱԺ փոխնախագահ, հանրապետական Հերմինե Նաղդալյանին ելույթը դուր չեկավ, և նա հրահանգեց անջատել ընդդիմադիր պատգամավորի խոսափողը:

Փոստանջյանին պատասխանելու համար ամբիոն շտապեցին հանրապետականները։ Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ Փոստանջյանը դրսից է կառավարվում, ելույթներն էլ էլեկտրոնային փոստով է ստանում։ Ասաց՝ ցավում է, որ նրան օգտագործում են։ - «Եվ հորդորս դրսի այն ուժերին, ովքեր կառավարում են տիկին Փոստանջյանին. հայ կին է, այնուամենայնիվ, մի փոքր խնամքով վերաբերվեք, որովհետև դարեր շարունակ մենք հայ կնոջ հանդեպ ունեցել ենք մեկ այլ վերաբերմունք»

Հանրապետականներին աջակցեցին «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները։ Վահան Բաբայանը անդրադարձավ Զարուհի Փոստանջյանի կողմից օրեր առաջ մի շարք պաշտոնյաների, այդ թվում Սերժ Սարգսյանի խրտվիլակը այրելուն, պնդեց, որ այս մարդիկ պետական խորհրդանիշներ են, և նման քայլերը քաղաքացիների համար անընդունելի են։ - «Թշնամին հետևում է», - սաստեց Բաբայանը, - «Դուք այնքան թույլ եք, որ նման քայլեր եք անում, որպեսզի Ձեր վրա ուշադրություն գրավեք»:

Հանրապետական խմբակցությունից Արտաշես Գեղամյանն էլ «Ժառանգության» անդամակցած «Նոր Հայաստանին» անդրադարձավ, պնդեց, որ Հայաստանում փորձ է արվում Արևմուտքում մշակված հեղափոխությունների տեսությունները կիրառել։ Նման քայլերի գնացողները գործակալներ են, հայտարարեց նա. - «Քանիցս ասում են` էս ենք անելու, էն ենք անելու, ռեժիմը կխաթարենք: Բավական է զենք լինել թշնամու ձեռքին, բավական է շանտաժի ենթարկել այն իշխանությունը, որը աննախադեպ հաջողություն է գրանցել արտաքին քաղաքական ոլորտում»:

ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանն էլ պնդեց, որ քաղաքացիները «ոչ»-ի ճակատին չեն վստահում, այդ պատճառով էլ հրապարակներում մարդ չկա։

Այնուհետև Զարուհի Փոստանջյանը ամբիոնից «Նոր Հայաստանի» առաջիկա հանրահավաքների օրերը հայտարարեց, ասաց, որ գնում են Սյունիքը մարզպետ Սուրիկ Խաչատրյանից ազատելու. - «Հանրությունը չի ընդունում Լիսկա-բոլշևիկյան այդ վայրագությունը»:

Հանրապետականի պատասխանը չափածո էր. Ռուզաննա Մուրադյանը շտապեց ամբիոնի մոտ.

«Բազմիցս աղտոտված մի շինվածք խոսուն

«Ժառանգություն» ես թեև վայելուչ,

սակայն բարձիթող:

Աստվածակերտ տուն,

սակայն մոռացված:

Մովսեսի, Դավթի և Երեմիայի

Նախագահական խոսքի համաձայն,

Բանական շենք ես, որ վարակված ես

Ժանտ բորոտությամբ»:

Զարուհի Փոստանջյանը նրան նույն ոճով պատասխանեց. - «Հարց` առավոտ ու գիշեր ի՞նչ աղոթք պիտի անի հայը: Պատասխան` հայը քնից զարթնելիս կամ քուն մտնելիս միայն այս աղոթքը պիտի կարդա. Ո՛վ բարեգործություն-Աստված, օգնիր ինձ Հայաստանը ազատել: Դրանից ավելի` ոչ մի ուրիշ աղոթք հարկավոր չէ հային»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG