Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը համաձայն չէ ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարությանը


ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ

Խորհրդարանական ուժերն արձագանքում են Միացյալ Նահանգների դեսպանատան՝ նախօրեին տարածած հերթական հայտարարությանը:

Արձագանքելով ԱՄՆ-ի դեսպանության՝ նախօրեին տարածած հայտարարությանը, որում պաշտոնական Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Հայաստանում դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների կապակցությամբ և նշել, որ հանրաքվեի արդար ընթացքին միջամտած անձանց մասին տեղեկությունը «կարող է օգտագործվել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս», Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ասաց՝ սպառնալիքներին սպառնալիքով չեն պատասխանում:

«Լռում ենք ոչ թե նրա համար, որ խոսք չունենք հակադարձելու, այլ պատշաճության համար: Բնականաբար՝ մենք էլ ենք շահագրգիռ, որպեսզի եթե խախտումներ կան, ըստ արժանվույն, օրենքի շրջանակներում պատժվեն»:

Հարցին՝ մտահոգված չէ՞ արդյոք Հանրապետական կուսակցությունը հիշյալ հայտարարությամբ, ԱԺ նախագահը պատասխանեց.

«Գիտեք, ես չեմ ուզում կշռելի դարձնել այդ հայտարարությունը, որովհետև էստեղ էլ մի խնդիր կա, առանձնանալու խնդիր կա՝ ինչո՞ւ Ճապոնիայինը չէ, Չինաստանինը չէ: Աշխարհաքաղաքական վիճակի տրամաբանությանը տեղյակ ենք և յուրաքանչյուր հայտարարություն մենք զգում ենք, թե որտեղից է գալիս և ինչի համար է գալիս: Այսինքն՝ եթե դեսպանությունները հայտարարում են, դա Հռոմի պապը չի, որպեսզի սրբության տեղ դնել»:

Դիտարկմանն ի պատասխան, թե հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ի դեսպանատունը ընտրախախտումներին առնչվող մի շարք հանրապետականների մուտքի վիզա չտրամադրի, Սահակյանը կատակեց. - «Ես կարծում եմ, որ էս անգամ Ամերիկայում հանրապետականները կհաղթեն, և էդ խնդիրը կլուծվի»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանրաքվեի վերաբերյալ ԱՄՆ-ի դեսպանատան հերթական հայտարարությունը դրական համարեց, նկատելով, որ դրանք աստիճանաբար կոշտանում են: «Ոչ»-ի շտաբի ղեկավարն, այնուամենայնիվ, ասաց, թե ավելի խիստ գնահատականներ էին ակնկալում:

«Դա իհարկե լուրջ քայլ է, բայց իմ կարծիքով բավարար չէ: Ընտրակեղծարարության իրական մասշտաբը և, ըստ էության, ժողովրդի կամարտահայտության մերժումը իշխանությունների կողմից, իմ կարծիքով, պետք է ստանար ավելի մեծ արձագանք: Միևնույն է, ինձ համար մի քիչ անհասականալի է մնում՝ ինչո՞ւ, տեսնելով այս տեղատարափը բողոքների, վկայությունների, որ սա կեղծված հանրաքվե է, կասկածի տակ չի դնում լեգիտիմությունը: Որովհետև իրականում կատարվել է մի բան՝ ժողովուրդը «ոչ» է ասել, բայց արձանագրվել է «այո» արդյունքը»,- ասաց Զուրաբյանը:

«Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը կարծում է՝ ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարությունը որոշակի արձագանք կունենա։ «Հենց այնպես չի արվել այդ հայտարարությունը, ունենալու է հետևանք: Բայց կարևորն այն չէ, որ մի քանի ընտրակեղծարար այս կամ այն ծրագրից դուրս կմնա: Կարևորն այն է, որ մենք մեր երկրում ունենանք օրինական իշխանություն»:

Փոստանջյանի կարծիքով, սակայն, հայտարարություններով Հայաստանի խնդիրները չեն լուծվի: «Ես իրենցից չեմ ակնկալում, ես ակնկալում եմ մեր հասարակությունից: Երբ հասարակությունն ինքը հստակ պահանջը ձևակերպում է և փորձում է այդ պահանջը իրացնել, այդ դեպքում քեզ օգնողներ կլինեն: Մնացած դեպքերում չեմ կարծում, որ հայտարարություններով կարող ենք հասնել մեր նպատակին»:

Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո սահմանադրական փոփոխություններին կողմնակից դարձած «Բարգավաճ Հայաստան»-ը ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարությունը կոշտ չի համարում: Կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայան ասաց. - «Ընդամենը ԱՄՆ-ն հայտնում է իր մտահոգությունը, բնական է՝ ԱՄՆ-ն միշտ էլ բոլոր երկրներում իր մտահոգությունը հայտնում է՝ տարբեր ներքաղաքական իրավիճակների մեջ: Հասկանալի է՝ ինքը, որպես մեծ պետություն, պետություն, որը փորձում է բոլոր երկրների ներքին գործերի մեջ խառնվել, նաև իր համար դա կարող է լինել հետաքրքիր, և փորձում է ինչ-որ ձևով ցույց տալ իր շահերի տիրույթները Հայաստանի Հանրապետությունում»:

Սերժ Սարգսյանի սահմանադրական նախաձեռնության վստահ ջատագով Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ևս արտառոց չի համարում ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարությունը։

«Վերջին օրերին եղած բոլոր հայտարարություններն էլ իրենց մեջ պարունակում են այդ խստությունը: Հիմնական պահանջը արժանահավատ հաղորդումները համակողմանիորեն քննելն է և պատասխանելը այդ հարցերին: Մենք ինքներս մեր ասուլիսներում բազմիցս ասել ենք, որ իսկապես՝ պետք է այդ խախտումները քննվեն և մեղավորները պատժվեն, այլապես մենք անընդհատ նույն վիճակում ենք հայտնվում: Բնական է, նորմալ է, ես կարծում եմ, որ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել»,- ասաց Վարդանյանը:

XS
SM
MD
LG