Մատչելիության հղումներ

Մարիամ Սուխուդյանը հեռացել է Երևանից և ապրում է գյուղական կենցաղով


Մարիամ Սուխուդյանը Զովունի գյուղի իր տնամերձ այգում
Մարիամ Սուխուդյանը Զովունի գյուղի իր տնամերձ այգում

«Խիզախ կին» մրցանակին արժանացած երբեմնի ակտիվիստը չի բացառում, որ որոշ ժամանակ անց կվերադառնա քաղաքացիական պայքարին:

5 տարի առաջ ԱՄՆ-ի դեսպանատան կողմից «խիզախ կին» մրցանակին արժանացած բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը թողել է մայրաքաղաքային կյանքը, անգամ հրաժարվել է բջջային հեռախոսից և տեղափոխվել Երևանից ոչ հեռու գտնվող Զովունի գյուղ։ Երկհարկանի առանձնատանը ապրում է մոր հետ, մշակում տնամերձ փոքրիկ այգին ու զբաղվում նկարչությամբ։ Չի բացառում, որ մոտ ապագայում ցուցահանդես կունենա։

Անցած մի քանի տարիներին Մարիամը մշտապես գտնվել է բողոքի ակցիաների, քաղաքացիական պայքարի կիզակետում: Անգամ, իբրև բողոքի նշան, գլուխն էր սափրել: Այժմ, սակայն, այնքան է հեռացել այդ ամենից, որ նույնիսկ սահմանադրական հանրաքվեին չի մասնակցել։

«Մի տեսակ, հիմա ընդունում եմ կյանքը ոնց որ ինքը կա։ Առաջ ինքը պետք ա լիներ՝ ոնց որ ես եմ ուզում։ Էն ժամանակ դու չէիր մտածի՝ ոնց կարող ա գյուղացին, ոնց կարող ա էս մարդը չհասկանա, չգնա, չպայքարի մինչև վերջ: Ո՞նց կարող ա իրան առնեն: Բայց հիմա մտածում ես՝ հնարավոր ա։ Դա չի նշանակում, որ հիմա ես ուրախանում եմ, որ ծառ են կտրում։ Բայց, հիմա սենց ա, երևի ինչ-որ ժամանակ ա պետք, ոչ թե՝ միանգամից հիասթափվես ու ասես՝ չէ: Հակառակը, սենց ոնց որ ավելի կյանքը հասկացող ես դարձել»,- «Ազատության» հետ զրույցում պատմեց Մարիամը։

Չնայած նա չի հերքում, որ քաղաքացիական պայքարի տարիներին հաճախ է հիասթափության պահեր ունեցել, բայց վստահեցնում է՝ դա չէ իրեն բողոքի հրապարակներից հետ պահողը։

«Դե, ինչպես ցանկացած բան, որ մարդը տրամադրվում ա անել, մեկ էլ կեսից տեսնում ա՝ իր պլանները փոխվեց: Այսինքն՝ դիմացի մարդը հետ կանգնեց, պարզ ա՝ պետք ա հիասթափվես։ Էդ էլ ա եղել գյուղերում՝ Թեղուտում, Գետահովիտում, այլ տեղերում։ Բայց ինչ-որ պահ ա գալիս, որ էդ մարդկանց էլ ես հասկանում։ Ասում ես՝ դե հիմա տենց ա, էդ պահը դու չես կարող փոխել։ Պիտի գա, հասունանա, ոնց որ քո մոտ ա»։

Հիմա, ոչ որպես մասնակից, համացանցով է հետևում քաղաքացիական պայքարին և համոզված է՝ պայքարը հասունանում է ու մի օր նոր պտուղներ է տալու։

Ժամանակին բազմաթիվ քրեական ու վարչական գործեր են հարուցվել, որոնցում Մարիամը ներգրավված է եղել որպես վկա կամ անգամ՝ կասկածյալ։ Վերհիշում է՝ դրանք բոլորը կարճվել են, և իր դեմ վճիռներ չեն եղել։ Պարզապես այդ գործերն օգտագործվել են որպես ակտիվիստներին ճնշելու միջոց։

Զովունիում Մարիամին ոչ ոք որպես բնապահպան-ակտիվիստ չի ճանաչում։ Հարևանների համար նա պարզապես Մարիշ է։ «Գրանտակերի» ու «գործ տվողի» պիտակավորումներ էլ չեն լինում։ Երևանում ուրիշ էր, ասում է.

«Հիշում եմ՝ մի անգամ, որ գնում էի, ինձ ասեցին՝ կոկորդիլոսը էլի եկավ։ Էնտեղ տենց էի, ինչ-որ էդ մականունն էր, որովհետև կարող ա հարևանին, այսպես ասած, տայի ոստիկանին։ Այսինքն՝ եթե ինքը ծառ կտրեր կամ եսիմ ինչ աներ, դու չես նայում՝ ով ա, ինչ ա, կամ քո հարևանն ա։ Կարող ա զանգեիր ասիր՝ ստեղ հանցագործություն ա տեղի ունենում և այլն։ Նույն Խոսրովում կամ ինչ-որ տեղ եթե դու տեսնում ես մի բան ու ասում ես՝ ոնց թե, դա նշանակում ա գործ տալ։ Այսինքն՝ դու տեսար, որ էնտեղ կենդանի ա սպանվում, ու գնացիր էդ խնդիրը բարձրացրեցիր, մարդը դա տենց ա պիտակում, ինքը կարա ասի նաև՝ այո, դա գործ տալ ա»։

Իր ակտիվ տարիներից միայն հեծանիվն ու կանաչ գլխաշորն է այսօր պահել։ Գլխաշորը տան բակում՝ ծառից է կապել, հեծանիվով էլ երբեմն Երևան է հասնում՝ տեսակցելու ընկերներին։ Սիրում է նաև ոտքով քայլել։

Մարիամն իր մասնագիտությամբ՝ որպես ինժեներ, երբեք չի աշխատել։ Այսօր էլ գործազուրկ է։ Երբեմն՝ նկարներն է վաճառում ու եկամուտ ստանում։ Իր կարգավիճակից, սակայն, չի սրտնեղում։ Ասում է՝ պահանջները նվազել են, ծախսերը՝ նույնպես։ Գյուղում կենցաղն ու ապրելակերպն ուրիշ է։

«Մեկ էլ, նստած ես խոհանոցում, պատուհանը ծեծում են, բացում ես, ինչ-որ ընդեղեն, էն մի կողմից՝ մրգեր, ընդեղ ինչ-որ մեկը կրակ ա անում, ինչ-որ կարտոշկա ա սարքում։ Մեկ էլ՝ վերցրու, կիսում են։ Մեկը մեկի երեխային ա պահում, բան։ Սենց ընդհանուր ա մի տեսակ, երեխեքը գալիս են ստեղ, նկարում ենք։ Մեծ մասամբ, ստեղ փոքր երեխեքի հետ եմ շփվում։ Հավես ա գյուղի կյանքը»։

Կյանքի այս կերպն էլ պայքարի յուրօրինակ ձև է համարում ու ասում՝ գյուղում հասարակ մարդկանց հետ շփվելով ու առօրյան կիսելով, ավելի շատ է հասկանում նրանց կարիքները։ Չի բացառում, որ որոշ ժամանակ անց հանրությանը որպես սկզբունքային ու խիզախ ակտիվիստ հայտնի Մարիամը մի օր դարձյալ վերադառնա քաղաքացիական պայքարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG