Մատչելիության հղումներ

Բյուրեղավանի գործարանի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձը


Բյուրեղավանի շշերի գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներ, ամիսներ շարունակ աշխատավարձ չստանալով, այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել հանրապետության նախագահի նստավայրի դիմաց:

Glass World Company ընկերության աշխատակիցներին բարկացրել էր հատկապես այն հանգամանքը, որ ընկերության ղեկավար անձնակազմի աշխատավարձերը վճարված են, մինչդեռ մնացածը՝ շուրջ 150 հոգի, 4-5 ամիս գումարի երես չեն տեսել:

«Ասում է` չունենք: Ուր ուզում եք` գնացեք: Ուղարկում է տուն, իրանք էլ ավտոները բարձած` ծախում են ու ուտում», - դժգոհեց ցուցարարներից Կարինե Թովմասյանը, ով 11 տարի աշխատել է այդ գործարանում:

Գործարանի աշխատակիցներն ասացին, որ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Թորոսյանը խոստացել է մինչև դեկտեմբերի 15-ը վճարել պարտքը` «ու արդյունքում ոչ մի բան չկա»:

Բաղրամյան պողոտայում մոտ ժամուկես մնալուց հետո հավաքվածները Սերժ Սարգսյանին ուղղված նամակ հանձնեցին: Կարճ ժամանակ անց նախագահի աշխատակազմից նրանց ասացին, որ վերադառնան Բյուրեղավան, քանի որ գործարանում ընկերության ղեկավարների և Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի մասնակցության ժողով են գումարելու՝ հարցին լուծում գտնելու համար:

Կես ժամ անց գործարանից դուրս եկան բողոքավորները, գործարանի տնօրեն Արմեն Թոորոսյանը և մարզպետ Գուլոյանը:

Մարզպետը խոստացավ՝ բոլորը աշխատավարձ կստանան, սակայն չնշեց՝ ե՞րբ:

«Խնդիրները հասկացանք, հիմա տնօրինության հետ վերլուծենք` կհասկանանք ոնց ենք ժողովրդի հարցը լուծում», - ասաց Կարապետ Գուլոյանը:

Գործարանի տնօրեն Արմեն Թորոսյանն ասաց՝ աշխատավարձերը չեն կարողացել վճարել, որովհետև տևական ժամանակ է պատվեր չունեն, ընկերությունն էլ սնանկ է հայտարարվել:

«Եթե կարողանայի` արդեն վճարված կլիներ, բայց իմ կարծիքով ելքեր կգտնենք», - խոստացավ Թորոսյանը:

Ժողովից հետո գործարանի աշխատակիցները հեռացան՝ խոստանալով վաղը կրկնել բողոքի ակցիան, եթե հստակություն չլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG