Մատչելիության հղումներ

Assad Tour սուր ապրումների սիրահար ռուսների համա՞ր


Սիրիա - Դումա բնակավայրը ռմբահարումից հետո, 13-ը դեկտեմբերի, 2015թ.

Սիրիա - Դումա բնակավայրը ռմբահարումից հետո, 13-ը դեկտեմբերի, 2015թ.

Ռուսաստանյան ընկերությունը ուշագրավ այցելություններ է առաջարկում էքստրեմալ վիճակների երկրպագուներին:

Սիրիայի մղձավանջի վերջը դեռ չի երևում, ամեն օր մարդիկ են զոհվում, երկիրը քաղաքացիական պատերազմի պայմաններում է, մնացած բնակիչների մեծ մասը հայտնվել է «մութ ու ցուրտ» պայմաններում։

Պարենի, ջեռուցման, դեղորայքի, խմելու ջրի պակաս է, ինչն է շատ` վտանգը՝ ամեն վայրկյան ռմբահարվելու, հրթիռակոծվելու, գնդակահարվելու, իսկ «Իսլամական պետության» կողմից հսկվող տարածքներում` նաև գլխատվելու։

Մինչդեռ, որոշ ճարպիկներ Ռուսաստանում մտածում են, որ կարող են ուշագրավ այցելություններ կազմակերպել էքստրեմալ վիճակների երկրպագուների համար։ Ուզո՞ւմ ես մոտենալ իսկական ռազմաճակատի գծին, վառոդի հոտն առնել, պայթյունների ձայնը լսել, մահ և արյուն տեսնել` վճարիր սահմանված գումարը, մնացածն ընկերությունը կկազմակերպի։

«Նովայա գազետա» պարբերականը հայտնում է, որ նման առաջարկով հանդես է եկել «Մեգապոլիս» ընկերությունը, որը հայտ է ներկայացրել վկայագրերի գրանցման դաշնային կենտրոն։ Այդ «զբոսաշրջությունը» հնարավոր կլինի 2016 թվականից։

Վկայագրերի գրանցման կենտրոնի նախագահ Անատոլի Արոնովի փոխանցմամբ՝ «Մեգապոլիսը» առաջարկում է 4-5 օր տևողությամբ շրջագայություններ 3-5 մարդուց բաղկացած խմբերի համար։

Ըստ Արոնովի, ընկերությունն արդեն համապատասխան նամակ է ուղարկել Մոսկվայում Սիրիայի դեսպանություն։ Ռուսական կողմն արդեն բանակցում է սիրիական հյուրանոցների և տրանսպորտային ընկերությունների հետ։

«Չնայած տուրիստական բիզնեսի ներկայիս ճգնաժամին, միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են սեփական աչքերով տեսնել բնական աղետներ և պատերազմի գոտիներ»,- ասել է Արոնովը։ Ենթադրվում է, որ նման ուղևորության համար սուր զգացողությունների սիրահարը կվճարի մոտ մեկևկես հազար դոլար։

Արոնովը նշում է այդ կարգի զբոսաշրջության գրավչության երեք հանգամանք. Ռուսաստանը մասնակցում է Սիրիայի ռազմական գործողություններին, Սիրիայում կան խորհրդային բուհեր ավարտած քաղաքացիներ, ովքեր քիչ թե շատ վարժ խոսում են ռուսերեն, Սիրիան մեծ սիրով կընդունի ռուսաստանցի զբոսաշրջիկների, քանի որ դա եկամտաբեր է։

Հարցին՝ պատրա՞ստ են արդյոք ընկերությունները ապահովագրել զբոսաշրջիկի կյանքը, Արոնովը պատասխանել է. - «Ինչո՞ւ, չէ՞ որ մարդ ինքն է ընդունում Սիրիա մեկնելու որոշում, եթե դուք գնում եք լեռներ և այնտեղ վայր ընկնում` դա արդեն ձեր խնդիրն է»։

Իսկ մարդիկ կցանկանա՞ն մեկնել Սիրիա։ Խոսելով այդ մասին՝ Արոնովն ասել է. - «Ուզում եք իմանալ, թե կլինե՞ն նման խելագարներ։ Բոլոր զբոսաշրջիկներն են խելագար, նրանք փող են տալիս, որ տեսնեն այն, ինչ կարելի է անվճար տեսնել հեռուստացույցով»։

Առայժմ հայտնի չէ՝ հավանություն կտա՞ն արդյոք Ռուսաստանի իշխանությունները Assad Tour ընկերության նախաձեռնությանը։

Ըստ փորձագետների, Սիրիայում 2011 թվականին սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 250 հազար մարդ։

XS
SM
MD
LG