Մատչելիության հղումներ

logo-print

Հայ ազգային կոնգրեսին առայժմ չի հաջողվում հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար անհրաժեշտ 27 ստորագրություն հավաքել։ ԱԺ-ի պատգամավորներից այս պահին ընդամենը 12-ն են ստորագրել ձևաթերթիկի տակ։

Վերջնաժամկետին դեռ երեք օր կա, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վստահ է, որ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ՀԱԿ-ի դիմումը Սահմանադրական դատարան չի հասնի։

«ՀԱԿ-ի կողմից արվում է հետևյալը` որպեսզի գոնե խորհրդարանում կամ ընդհանրապես հասարակության մեջ որպես ցուցիչ լինի, որ ամենաարմատական ընդդիմությունը ՀԱԿ-ն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը:

ՀԱԿ-ի նախաձեռնությանը չի միանա նաև սահմանադրական փոփոխությունների երբեմնի սուր քննադատ «Բարգավաճ Հայաստանը»։ Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ իրենք դիմումի բովանդակությանն անգամ ծանոթ չեն։

«Ես այդ նախաձեռնության բովանդակությունը տեսնում եմ, որ փակուղի է տանում», - կարծիք հայտնեց նա:

Պահանջի էությանը ծանոթ չեն նաև Դաշնակցությունում։ Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, սակայն, առանց դրա էլ պնդում է՝ ՀԱԿ-ի նախաձեռնածն անպտուղ է` «նույն փոցխի վրա անիմաստ է անընդհատ սայթաքելը, ես շատ տրամադիր չեմ շարունակելու այն անպտուղ աշխատանքը, որը անում է Լևոն Զուրաբյանը»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, 27 ստորագրություն հավաքելը բարդ խնդիր է, սակայն վստահ է` շատ ավելի բարդ իրավիճակում կհայտնվեն նախաձեռնությանը չմիացած պատգամավորները. - «Նրանք հայտնվելու են ամենասև ցուցակում, որը երբևէ եղել է, որովհետև սրանով կնշանակի, որ այդ մարդիկ այլևս իրավունք չեն ունենա ժողովրդի ձայն ստանալու հավակնորդ լինել»:

ՀԱԿ խմբակցության 7 անդամներից ստորագրահավաքին առայժմ չեն միացել Լյուդմիլա Սարգսյանը և Հրանտ Բագրատյանը: Խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն էլ նշում է՝ ՀԱԿ-ի նախաձեռնությանը չի միացել, ստորագրել է` պարզապես դատարան դիմելու հնարավորությունը մեծացնելու համար։ Փաշինյանի պնդմամբ՝ Սահմանադրական դատարանն այն վայրը չէ, որտեղ իսկապես կարելի է վիճարկել արդյունքները. - «Ես կարծում եմ, որ ընդհանրապես ծիծաղելի է արձանագրելը 20 տարի անընդհատ` վայ, իշխանությունը կեղծեց: Մենք այդ իրավիճակը համեմատում ենք հետևյալի հետ, որ դա նույնն է, որ ասես` վայ, ձեռքս տարա կոկորդիլոսին մոտեցրի, կոկորդիլոսը թևս պոկեց: Այդ արձանագրումը ի՞նչ է տալիս»:

Ստորագրահավաքին այսօրվա դրությամբ արդեն միացել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Թևան Պողոսյանը, «Օրինաց երկրից» Հեղինե Բիշարյանն ու Լևոն Դոխոլյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, ինչպես նաև անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանն ու Էդմոն Մարուքյանը։

XS
SM
MD
LG