Մատչելիության հղումներ

Վերջին 5 տարիներին Գագիկ Խաչատրյանի ղեկավարության շրջանում Ֆինանսների նախարարությունն ու նախկին Պետական եկամուտների կոմիտեն առանց բաց մրցույթի «Այյունեթվորքս» ընկերությանը տվել են 4 միլիարդ 731 միլիոն դրամի, կամ շուրջ տասը միլիոն դոլարի պատվեր: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած այս ընկերությունը կապվում է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներից մեկի հետ:

Ըստ Հայաստանի կառավարության պետական ռեգիստրի՝ «Այյունեթվորքսի» բաժնետոմսերի 60 տոկոսը պատկանում է Հայկ Խաչատրյանին: Նույն անունով անձն է նաև «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ-սրահի հիմնական բաժնետերը: Նախկինում նա խանութի բաժնեմասերը կիսել է Գագիկ Խաչատրյանի երկու որդիների՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանների հետ։ «Այյունեթվորքսի» և «Խրոնոգրաֆի» բաժնետեր Հայկ Խաչատրյանի հասցեն նույնն է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում այդ հասցեում Հայկ Խաչատրյան անունով այլ անձ գրանցված չէ:

Հայկ Խաչատրյանը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին է․ ազգակցական կապը հաստատել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, երբ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը երկու տարի առաջ դիմել էր պարզելու՝ արդյոք Գագիկ Խաչատրյանը և նրա որդիներին ու հարազատներին պատկանող ընկերությունները չեն գտնվում շահերի բախման իրավիճակում, այսինքն՝ արդյոք Խաչատրյանը չի օգտագործում իր դիրքը այդ ընկերությունների վիճակը բարելավելու համար:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ հանձնաժողովը տվել է եզրակացություն, ըստ որի՝ ամեն ինչ օրենքի շրջանակում է, Խաչատրյանի ու նրա որդիների ընկերությունների միջև շահերի բախում չկա, իսկ մյուս ազգականների դեպքում բախում ընդհանրապես չի կարող լինել:

«Այս դեպքում, եթե նկատի ունենք, որ այդ ընկերությունը պատկանում է բարձրաստիճան պաշտոնատար անձի հորեղբոր տղային, ապա ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի` հորեղբոր տղան չի մտնում ազգակցական կապի շրջանակի, փոխկապակցված անձանց մեջ: Այդ առումով շահերի բախում առերևույթ չկա: Այլ հարց է, որ ողջամիտ կասկածներ միշտ մնում են, որ նա կարող է օգտագործել իր դիրքը գնումներում հաջողության հասնելու համար», - ասում է Տիգրանյանը:

Իրավաբանի կարծիքով՝ հանրային ծառայությունները կարգավորող օրենքը չի ստիպում պաշտոնյաներին բարեխիղճ լինել, քանի որ օրենքը ոչինչ չի ասում այն մասին, թե ինչ հետևանքներ պիտի լինեն շահերի բախման դեպքում: Տիգրանյանի խոսքով՝ օրենքը հաշվի չի առնում թվացյալ կամ հնարավոր շահերի բախման իրավիճակները, այնինչ եվրոպական երկրներում դա ամրագրված է օրենքով. - «Մեր օրենսդրությունը միայն փաստացին է ֆիքսում, այսինքն՝ եթե չկա, որ նրա մերձավոր ազգականը իրավական դրության բարելավում է ստացել, ուրեմն չկա շահերի բախում: Այս տեսակ ձևակերպմամբ շահերի բախում Հայաստանում երբևէ տեղի չի ունենա: Այն փաստը, որ նրա բիզնեսները կամ նրա ազգակցականների մասնակցությամբ ընկերությունները պետական գնումներում միշտ շահած են դուրս գալիս, այստեղ բնականաբար պիտի լինի այն ողջամիտ կասկածը և մեկնաբանվի, որ նա կարող էր օգտագործել պաշտոնական դիրքը»:

Մեկ ամիս առաջ «Այյունեթվորքս» ՍՊԸ-ի հետ կնքվել է ավելի քան 800 հազար դրամի պայմանագիր, որի դիմաց կազմակերպությունը պետք է իրականացնի էլեկտրաէներգիայի մատակարարման սարքերի տեղադրման աշխատանքներ:

«Այյունեթվորքս» ՍՊԸ-ն Պետական եկամուտների կոմիտեի, իսկ հիմա էլ Ֆինանսների նախարարության համար մատուցում է ամենատարբեր ծառայություններ: Օրինակ 2011-ին, երբ Գագիկ Խաչատրյանը ղեկավարում էր Պետական եկամուտների կոմիտեն, կազմակերպությունը 200 միլիոն դրամով իրականացրել է ավելացրած արժեքի հարկի վերադարձի ավտոմատացված համակարգի սարքավորումների մատակարարում և տեղադրում:

Մեզ հասանելի պայմանագրերի ցանկից ամենաթանկարժեքը կնքվել է նախորդ տարեվերջին: Ֆինանսների նախարարության հետ կնքված շուրջ 4.3 միլիարդ դրամի կամ շուրջ 9 միլիոն դոլարի պայմանագրով «Այյունեթվորքս» ՍՊԸ-ն պարտավորվել է իրականացնել Հայաստանի մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման կամ նոր տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքներ։

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» փոխնախագահ Հայկ Չոբանյանի պնդմամբ՝ «Այյունեթվորքսը» ներքին շուկայի համար աշխատող հայաստանյան եզակի պրոֆեսիոնալ ընկերություններից է:

«Օբյեկտիվորեն ստեղծվել է մի իրավիճակ, որ տարբեր ընկերություններ տարբեր ոլորտներում մասնագիտանում են, և դա դառնում է իրենց համար լրացուցիչ մրցակցային առավելություն», - ասում է ոլորտի փորձագետը:

Գագիկ Խաչատրյանի ղեկավարած կառույցների կողմից «Այյունեթվորքս» ընկերությանը շուրջ տասը միլիոն դոլարի պատվերները տրվել են բանակցային ընթացակարգով, առանց բաց մրցույթի հայտարարման:

Հայկ Չոբանյանի խոսքով՝ տարեկան Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պետական գնումները կազմում են մի քանի միլիարդ դրամ: Փորձագետի կարծիքով՝ մրցույթների մասին տեղեկատվությունը նախապես հրապարակելու դեպքում ավելի շատ ընկերություններ կկարողանային մասնակցել դրանց. - «Այնպես չէ, որ այսօր որոշեցին` վաղը գնեցին: Սկզբունքորեն` գոնե մեկ տարի առաջ պետությունը գիտի, թե ինչ ձեռքբերումներ ինքը պիտի ունենա: Շահում է այն ընկերությունը, որը մի քիչ ավելի շուտ է դրա մասին տեղյակ եղել, և սա էլ է մեխանիզմ, որը իրականում գործում է: Այսպես ասած` կոռուպցիոն մեխանիզմ է դա»:

«Այյունեթվորքս» ՍՊԸ-ն 2015-ի առաջին երեք կիսամյակների տվյալներով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենախոշոր հարկատուն է:

XS
SM
MD
LG