Մատչելիության հղումներ

logo-print

Օպերատիվ շտաբը գոհ է իր աշխատանքից


Հանրաքվեի օրինականությունն ապահովվող ոստիկանության օպերատիվ շտաբի ասուլիսը, Երևան, 14-ը դեկտեմբերի, 2015թ․

Հանրաքվեի օրինականությունն ապահովվող ոստիկանության օպերատիվ շտաբի ասուլիսը, Երևան, 14-ը դեկտեմբերի, 2015թ․

Հանրաքվեի օրինականությունն ապահովվող ոստիկանության օպերատիվ շտաբը գոհ է իր աշխատանքից, թեև ընտրակաշառքի, կրկնակի քվեարկության ու տեղամասերում բռնության վերաբերյալ ստացած ավելի քան 450 ահազանգերից հետո այս պահին դեռ որևէ մեկը ձերբակալված չէ։

Ավելին՝ շտաբի ղեկավար, ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն այսօր արդեն հայտարարեց՝ ստացված հաղորդումները չեն կարող ազդել հանրաքվեի արդյունքների վրա՝ «որովհետև ընդամենը վերաբերում են սահմանափակ թվով ընտրատեղամասերում կատարված խախտումներին»:

Ամենաշատ ահազանգերը ոստիկանությունը ստացել է մայրաքաղաքից, 97-ի մասով դեռ նյութեր են նախապատրաստվում, իսկ 17-ի փաստով հարուցվել է քրեական գործ։

Հունան Պողոսյանը շտապեց հայտարարել՝ արջի ծառայություն մատուցողների շարքերում նաև «ոչ»-ի կողմնակիցներն են։ Որպես օրինակ՝ նշեց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի անունը․ - «Այնպես չէ, որ այդ արջի ծառայություն մատուցողները ի հայտ եկան ընտրությունների օրը կամ նախօրյակին: Միշտ էլ դրանք եղել են ու կան: Արդեն իսկ նյութերի նախնական ուսումնասիրությունից և մեր վիճակագրությունից երևում է, որ կային և՛ «այո»-ի կողմից արջի ծառայություն մատուցողներ, և՛ «ոչ»-ը քարոզողների կողմից»:

Դեկտեմբերի 6-ի հանրաքվեն աչքի ընկավ նաև դիտորդների ու լրագրողների հանդեպ բռնություններով, ընդ որում՝ մի մասը իրականացվեց ոստիկանների աչքի առջև։ Հունան Պողոսյանը, սակայն, պնդում է՝ իրավապահները գործել են օրենքին համապատասխան և անգամ գովասանքի արժանացել․ - «Մենք զարմացած ենք նաև մեր հանրության արձագանքով: Արձագանքը դրական է, մինչև օրս դրական արձագանքներ են գալիս»:

Չնայած ընդդիմության ու դիտորդների պնդումներին, թե ընտրացուցակներն ուռճացված են, իրենց աշխատանքից գոհ է նաև անձնագրային վիզաների վարչության պետը։ Մնացական Բիչախչյանի խոսքով՝ անճշտությունները հասցվել էին նվազագույնի․ - «Որևիցե մի անճշտություն չի եղել, որ հայտարարած լինեն, որ մենք հաղորդել ենք տեղեկատվություն, որ անձը մահացած է, սակայն նրա տվյալները կան: Ոստիկանության կողմից կատարված աշխատանքների արդյունքում նախնական ցուցակները հրապարակելուց մինչև վերջնական ցուցակները հրապարակելու պահը 4,907 մահացած անձի վերաբերյալ տվյալ է հայտնաբերվել, ովքեր հանվել են քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներից»:

XS
SM
MD
LG