Մատչելիության հղումներ

Հայկ Կյուրեղյանը դադարեցրեց հացադուլը


Հայկ Կյուրեղյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում ակցիա է իրականացնում ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի, 12-ը հունիսի, 2014թ.

Հայկ Կյուրեղյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում ակցիա է իրականացնում ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի, 12-ը հունիսի, 2014թ.

Ինը տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանն այսօր դադարեցրեց 27 օր շարունակված հացադուլը: Շանթ Հարությունյանի և համախոհների ազատության համար պայքարի դուրս եկած Կյուրեղյանը բողոքի այս ակցիայով պահանջում էր պատշաճ բուժօգնություն և առանձին խուց:

Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դեռ չգիտի` որդու պահանջները բավարարվե՞լ են, թե՞ ոչ:

«Երբ իրավապաշտպանները մտել են խուց, տեսել են, որ այդ խցում 17 հոգի կա և քնում են հերթափոխով, և բոլոր կալանավորների վիճակն է շատ վատ և շատ ծանր, մենակ Հայկինը չի։ Հայկը ձեռք բերեց ալերգիա, որը նա երբեք չի ունեցել: Ալերգիան օրգանիզմը քայքայող ամենավատ, չբուժվող հիվանդություններից մեկն է, կա խրոնիկական հազ, ես լսում էի տարբեր լուրեր տարբեր խցերից, մարդիկ տուբերկուլյոզով են հիվանդացել, և դա մեր քրեակատարողական հիմնարկների պատկերն ա», - պատմեց հայրը:

Արմենակ Կյուրեղյանը օրեր առաջ ահազանգել էր, թե որդին ձերբակալման պահից սկսած ֆիզիկական և հոգեբանական ճնշումների է ենթարկվում, ծայրահեղ հյուծված է, առողջությունը և կյանքը՝ վտանգված: Քրեակատարողական հիմնարկներ այցելող հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ 32-ամյա Կյուրեղյանի վիճակն այնքան լուրջ է եղել, որ որոշել են հրատապ գրությամբ դիմել արդարադատության նախարարին:

«Իր հետ հանդիպեցինք հացադուլավորների խցում, որտեղ ինքը գտնվում էր մենակ, այդ պահին այլ հացադուլավորներ չկային, քանի որ 20 օրից ավել հացադուլի մեջ էր: Հյուծված էր՝ որպես փաստ: Մինչ այդ բուժակի հետ հանդիպեցինք: Բուժակը մի քանի անգամ հորդորել է դուրս գալ հացադուլից, որովհետև առողջության վրա հետքեր ա թողնելու երկար ժամանակ հացադուլի մեջ գտնվելը», - ասաց Սարգսյանը:

Հասարակական դիտորդական խմբի նախագահի խոսքով՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլավորներն ու մյուս բանտարկյալները միշտ չէ, որ առանձին խցերում են պահվում։ «Կոյուղու ջրերը լցվում են առաջին հարկ, խցերը ծանրաբեռնված են ու չեն օդափոխվում։ Գրեթե նույնն է վիճակը հացադուլի համար նախատեսված առանձնասենյակներում», - ասում է նա:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանի խոսքով՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը այս պահին քննում է դատապարտյալ Կյուրեղյանի առանձին խուց տեղափոխվելու և պատշաճ բուժօգնություն տրամադրելու դիմումը։

«Հիմնարկի ղեկավարությունը այդ հարցին լուծում կտա», - ասաց նա:

Արմենակ Կյուրեղյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրենք շարունակելու են պայքարել, որպեսզի որդին ազատ արձակվի։ Հայկը 9 տարվա ազատազրկման է դատապարտվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց 2014-ի հունիսին օդամղիչ ատրճանակից կրակելուց հետո։

«Ե՛վ Հայկը, և՛ մյուս քաղբանտարկյալները պետք է անպայման հայտնվեն ազատության մեջ: Նրանք են մեր հասարակության սերուցքը՝ Շանթը և ընկերները, Վոլոդյա Ավետիսյանը, Տիգրան Առաքելյանը և մնացած բոլորը, ովքեր որ քաղաքական դրսևորումների արտահայտման համար են հիմա կրում պատիժ, բոլորը պետք է ազատվեն, Հայաստանը պետք է լինի ազատ, քաղբանտարկյալ չպետք է ունենա», - ասում է նա:

XS
SM
MD
LG