Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ դեսպանատունը կարող է կիրառել ընտրախախտների մասին տեղեկությունները


Երևանում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ

Երևանում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ

Պաշտոնական Վաշինգտոնը զգուշացնում է՝ հանրաքվեի արդար ընթացքին միջամտած անձանց մասին տեղեկությունը կարող է օգտագործվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից:

«Աշխարհով մեկ կոռուպցիայի դեմ պայքարելու ԱՄՆ պարտավորությանը համահունչ, ԱՄՆ դեսպանատունը կարող է նաև հիմք ընդունել ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները՝ գնահատելու արդյոք անձինք, ովքեր ուղղակիորեն միջամտել են դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ ընթացքին, կարո՞ղ են մասնակցել դեսպանատան ծրագրերում և միջոցառումներում»,- ասված է Հայաստանում Միացյալ Նահանգների ներկայացուցչության՝ ժամեր առաջ տարածած հայտարարությունում:

Նշելով, որ շարունակում են հետևել քվեների վերահաշվարկի ընթացքին, և ողջունելով գլխավոր դատախազի և մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային հանձնառությունը՝ հնչեցված արժանահավատ հաղորդումներով լիարժեք քննություններ ապահովելու վերաբերյալ, դեսպանատունը ընդգծում է․ - «Մենք վերահաստատում ենք, որ խախտումների համար պատասխանատուների նկատմամբ քննություններն ու դատական կարգով հետապնդումները պետք է լինեն թափանցիկ ու հրապարակային, որպեսզի Հայաստանի ժողովրդի մոտ լինի վստահություն ընտրական գործընթացի անաչառության վերաբերյալ»:

«Հստակ ուղերձ»

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով, սա հստակ ուղերձ է Հայաստանի իշխանություններին, որ ընտրակեղծիքներն այլևս չեն հանդուրժելու:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյան

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյան

«Սա նշանակալի և հավանաբար առաջին քայլն է՝ Հայաստանի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման ուղղությամբ, պատժամիջոցներ, որոնք նման կլինեն Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին և կկիրառվեն ամբարտավան կառավարության արարքները պատժելու համար: Կարծում եմ՝ Հայաստանի կառավարությունը թերագնահատում է այս հայտարարությունը», - նշեց նա՝ շարունակելով․ - «Հնարավոր է Հայաստանի դեպքում ևս գործ ունենանք «Մագնիտսկու ցանկ»-ի հետ»:

2012թ․ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանեց ռուսաստանցի այն իրավապահների նկատմամբ, ովքեր առնչություն են ունեցել գործարար Սերգեյ Մագնիտսկու սպանությանը: Արգելվեց այդ անձանց տրամադրել ամերիկյան մուտքի վիզա, սառեցվեցին նրանց հաշվեհամարները և այլն:

«Սա կարող է կոշտ, բայց անհատական պատժամիջոցների սկիզբը լինել և կարող է վերաբերել հայաստանյան օլիգարխներին, իշխանության ներկայացուցիչներին: Կարծում եմ՝ գլխավոր դատախազը պետք է հատկապես զգույշ լինի, եթե պարզվի, որ բողոքները պատշաճ ընթացք չեն ունեցել: Ի վերջո, ժամանակն է վճարել նման՝ անընդունելի վարքագծի համար», - կարծում է Կիրակոսյանը:

Հանրաքվեից հետո սա ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության արդեն երրորդ հայտարարությունն է, որը կոչ է անում Հայաստանի իշխանություններին թափանցիկ հետաքննություն անցկացնել ընտրախախտումներին վերաբերող արժանահավատ հաղորդումների առնչությամբ:

Նույնաբովանդակ երկու հայտարարություն էլ տարածել են Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը ու Եվրամիության անդամ երկրների դեսպանատները:

XS
SM
MD
LG