Մատչելիության հղումներ

Յաշինը ցանկանում է Նեմցովի սպանության հետ կապված հարցեր տալ Կադիրովին


Իլյա Յաշին, արխիվ
Իլյա Յաշին, արխիվ

ՊԱՌՆԱՍ կուսակցության փոխնախագահ Իլյա Յաշինը բաց նամակ է հղել Ռամզան Կադիրովին, որում պատրաստակամություն է հայտնում մեկնել Գրոզնի՝ Չեչնիայի նախագահին ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության հետ կապված մի շարք հարցեր տալու նպատակով:

«Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ, Յաշինը նամակն ուղարկել է դեկտեմբերի 13-ին: Նա գրել է, թե մի շարք հարցեր ունի, որոնք «հաստատ դուր չեն գա Կադիրովին», սակայն հուսով է, որ Չեչնիայի ղեկավարը «կհաստատի իշխանական լրատվամիջոցների կերտած կերպարը, ըստ որի՝ նա չի վախենում ուղիղ զրույցից և անհարմար հարցերից»:

Յաշինը այժմ փորձագիտական հաշվետվություն է պատրաստում՝ նվիրված Չեչնիայում քաղաքական իրավիճակին, որը քաղաքական գործիչը պլանավորում է ներկայացնել Նեմցովի սպանության տարելիցին:

Ավելի վաղ Կադիրովը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Քննչական կոմիտեին ցուցմունք տալ Նեմցովի սպանության գործով:

Չեչնիայի նախագահի հարցաքննության մասին միջնորդությունը ներկայացրել է սպանված գործչի դուստրը՝ Ժաննա Նեմցովան, սակայն Քննչական կոմիտեն հրաժարվել է բավարարել այն:

Մոսկվայի քաղաքային դատարանը այսօր ուսումնասիրելու է մերժման օրինականությունը:

Հիշեցնենք՝ Նեմցովի սպանության գործով հիմնական մեղադրյալ Զաուր Դադաևը Ռամզան Կադիրովի մերձավոր շրջապատից է: Դադաևը ինքնախոստովանական ցուցմունքներ էր տվել՝ հաստատելով, որ ինքն է սպանել Նեմցովին, սակայն հետո հրաժարվեց իր խոսքերից՝ պնդելով, թե խոշտանգումների արդյունքում էր ցուցմունք տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG