Մատչելիության հղումներ

ՔԿ. Հարուցվել է 18 քրգործ հանրաքվեին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ


Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանը ասուլիսի ժամանակ, 14-ը դեկտեմբերի, 2015թ.

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանը ասուլիսի ժամանակ, 14-ը դեկտեմբերի, 2015թ.

Կա ընդամենը մեկ կասկածյալ։

Հանրաքվեի առնչությամբ այս պահի դրությամբ հարուցվել է 18 քրեական գործ,- «Ազատությանը» տեղեկացրեցին Գլխավոր դատախազությունից։ Կալանավորված է միայն մեկ քաղաքացի, այն էլ` հանրաքվեից առաջ ընդդիմության տրամադրած տեսանյութի հիման վրա, որտեղ, ըստ Հայ ազգային կոնգրեսի՝ հանձնաժողովի անդամը փորձում էր կաշառել իրենց ներկայացուցչին։

12 քրեական գործերը քննվում են Քննչական կոմիտեում, մեղադրանք որևէ մեկին դեռ չի առաջադրվել, կա ընդամենը մեկ կասկածյալ՝ ուրիշի փոխարեն քվեարկելու առնչությամբ։ 135 դեպքով կոմիտեն մերժել է գործ հարուցել։ Այսօր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանը մի քանի անգամ շեշտեց՝ տեղամասերի 92 տոկոսից ընդհանրապես որևէ ահազանգ չեն ստացել։

«Չի բացառվում նաև, որ լինեն նոր հարուցված քրեական գործեր, որովհետև մենք ուսումնասիրել ենք նաև մնացորդ այդ 49 քրեական գործերը և գտնում ենք, որ դրանցում էլ կան, որոշ դեպքերում, քրեական գործ հարուցելու հիմքեր։ Հանգամանքները վկայում են այն մասին, որ հրապարակումների, հաղորդումների, ահազանգերի քանակը դեռևս չի վկայում նույն քանակի իրավախախտումների մասին», - ասաց Թամազյանը։

Ընդդիմությունը բարձրաձայնում է խախտումների մասին և նշում, որ դրանց հետևանքով հանրաքվեի արդյունքները գլխիվայր շուռ են տվել։ Հայ ազգային կոնգրեսի պնդմամբ, օրինակ, 4/20 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը 800 ձայն ավելացրել է «այո»-ի օգտին։ Քննչական կոմիտեում այս փաստը ուսումնասիրվում է, քրեական գործ դեռ չի հարուցվել։

Զառիթափ գյուղում էլ տեղամասի ՀԱԿ-ը ներկայացնող նախագահն էր պնդում, որ հանրապետական գյուղապետը իրեն սպառնացել է, թե չի ապրելու։ Այս գործով ևս դեռ կասկածյալ չկա, քրեական գործ էլ չի հարուցվել, կատարվում է քննություն։

«Կասկածյալ կլինի, թե վաղը կլինի կամ երկու օր վկա կլինի, երրորդ օրը՝ կասկածյալ և այլն, սա երբեք չի խանգարում քրեական գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության ընթացքին», - ասաց Թամազյանը։

Նա նշեց, որ ահազանգերի հիմնական մասը ստացվել է լրատվամիջոցների հրապարակումներից, մեծ մասն էլ վերաբերում է մեկից ավելի կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, հանձնաժողովների անդամների, դիտորդների կամ լրագրողների նկատմամբ ճնշում գործադրելուն։

Քննչական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյան շարունակ պնդում էր, որ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը ընդհանուր առմամբ շատ չեն եղել, ևս մեկ անգամ վստահեցնելով, որ իշխանություններն ամեն ինչ անում են՝ մեղավորներին հայտնաբերելու և պատժելու համար։

Ասուլիսի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը խոսեց նաև սահմանադրական փոփոխությունների նախագծից՝ ասելով, որ փաստաթղթի հեղինակները ընտրական իրավունքի լավագույն մասնագետներն էին, և որ այդ աշխատանքը բարձր են գնահատել նաև իտալացի փորձագետները։ «Մենք համոզվել ենք, որ նախագահականը խիստ կենտրոնացված էր», - ասաց Թամազյանը։

XS
SM
MD
LG