Մատչելիության հղումներ

«Չե'ք անցկացնի». Ընտրախախտումները ղեկավարվել են մեկ կենտրոնից


Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունն այսօր հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեն աննախադեպ էր ընտրակեղծիքների առումով:

«Տեղական և միջազգային դիտորդների, լրագրողների, վստահված անձանց կողմից հայտնաբերվել են լցոնումների, բազմակի քվեարկությունների, արձանագրությունների կեղծման հարյուրավոր դեպքեր, բազմաթիվ ընտրատեղամասերում բռնությամբ խոչընդոտվել է լրագրողների, վստահված անձանց, հանձնաժողովների անդամների աշխատանքը: Ընտրախախտումները կրել են զանգվածային և համակարգված բնույթ, ղեկավարվել են մեկ կենտրոնից, ընտրակեղծարարության հեղինակները գործել են բացարձակ անպատժելիության պայմաններում: Արդյունքում ամբողջովին նենգափոխել են քվեարկության արդյունքները, թույլ չեն տվել, որպեսզի տեղի ունենա հասարակության ազատ կամարտահայտում: Պաշտոնապես հայտարարված արդյունքները զուրկ են լեգիտիմությունից», - ասված է հայտարարությունում։

Նախաձեռնությունը նշել է, որ հանրության մեծամասնությունը մասնակցեց քվեարկությանը և «Ոչ» ասաց Սերժ Սարգսյանի վերարտադրության նախագծին՝ այդ կերպ իր անվստահությունը հայտնելով վերջինիս»:

«Չե՛ք անցկացնի»-ն իր խորին երախտագիտությունն է հայտնել ինչպես «ոչ» քվեարկողներին, այնպես էլ քաղաքացիների ձայները պահպանողներին:

«Մենք մեր առանձնահատուկ ջերմ վերաբերմունքն ենք արտահայտում այն քաղաքացիների հանդեպ, ովքեր աջակցեցին մեզ քարոզարշավի շրջանում և քվեարկության օրը: Միայն ձեր օգնության շնորհիվ հնարավոր եղավ դեռ սեպտեմբեր ամսից կազմակերպել հանրահավաքներ Երևանում և մարզերում, փողոցային ակցիաներ, տպագրել հարյուր հազարավոր օրինակներով թռուցիկներ, թերթեր, պաստառներ, օգտվել վճարովի եթերաժամանակից: Առանց այս ամենի անհնար կլիներ քաղաքացիներին հասցնել «Ոչ»-ի տեսակետները: Իսկ քվեարկության օրը, բոլոր այն տեղամասերում, որտեղ վերահսկողություն են իրականացրել նախաձեռնության դիտորդները, հաջողվել է պաշտոնական արձանագրություններում ամրագրել «Ոչ»-ի հաղթանակը», - ասված է հայտարարությունում:

«Չե՛ք անցկացնի»-ն վստահեցնում է, որ շարունակելու է ջանքերը համախոհների և Հայաստանի քաղաքացիների հետ՝ հաստատելու ժողովրդավարական կարգեր երկրում: «Հայաստանի քաղաքացին պետք է իր քվեով իշխանություն ձևավորելու հնարավորություն ունենա, և այս նվաճմանը հասնելը մենք համարում ենք մեր առաքելությունը», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG