Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանատունը կարող է կիրառել ընտրախախտների մասին տեղեկությունները


Երևանում ԱՄՆ դեսպանատունը

Երևանում ԱՄՆ դեսպանատունը

ԱՄՆ դեսպանությունն այսօր հայտարարել է, որ շարունակում է հետևել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հետ կապված քվեների վերահաշվարկի ընթացքին:

«Ավելի վաղ մենք լուրջ մտահոգություն էինք հայտնել հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների մասին, որոնց վերաբերյալ արժանահավատ հաղորդումներ էին հնչեցվում ոչ կուսակցական դիտորդների ու Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից: Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության պաշտոնյաների՝ մասնավորապես գլխավոր դատախազի և մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային հանձնառությունը հնչեցված արժանահավատ հաղորդումներով լիարժեք քննություններ ապահովելու վերաբերյալ», - ասված է հայտարարությունում:

Դեսպանությունը վերահաստատել է, որ «խախտումների համար պատասխանատուների նկատմամբ քննություններն ու դատական կարգով հետապնդումները պետք է լինեն թափանցիկ ու հրապարակային, որպեսզի Հայաստանի ժողովրդի մոտ լինի վստահություն ընտրական գործընթացի անաչառության վերաբերյալ», նշելով, որ «լիարժեք ու թափանցիկ քննությունները և դրանց արդյունքների մասին հրապարակումները, նույնիսկ եթե այդ քննությունների արդյունքով քրեական գործեր չեն հարուցվում, կարող են օգնել Ընտրական հանձնաժողովին, Ազգային ժողովին և քաղաքացիական հասարակությանը վերհանել ընթացիկ ընտրական գործընթացների այն ոլորտները, որոնք բարելավման կարիք ունեն»:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաև կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս: Առաջիկայի հետ կապված՝ մենք վերահաստատում ենք մեր կոչը Հայաստանի կառավարությանն ու խորհրդարանին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկներին համահունչ նոր Ընտրական օրենսգիրք ընդունելու մասին և հորդորում ենք նոր օրենսդրական բարեփոխումներն իրականացնել համաձայն միջազգային ստանդարտների՝ մեծացնելու ընտրական գործընթացների անաչառությունը Հայաստանում», - ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG