Մատչելիության հղումներ

Հարցում․ Ռուսաստանցիները Ալիևին ավելի են վստահում, քան Սարգսյանին


Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Ռուսաստանի նախագահի հետ հետևում են Սոչիում անցկացվող սամբոյի մրցաշարին, օգոստոս, 2014թ․
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Ռուսաստանի նախագահի հետ հետևում են Սոչիում անցկացվող սամբոյի մրցաշարին, օգոստոս, 2014թ․

Այդուհանդերձ, Ռուսաստանի վստահելի գործընկերների` ВЦИОМ-ի հրապարակած ցանկում Հայաստանը երրորդն է՝ Բելառուսից ու Ղազախստանից հետո:

Ռուսաստանցիների շրջանում Սերժ Սարգսյանի վարկանիշն ավելի ցածր է, քան Իլհամ Ալիևինը: Սա են վկայում օրերս Ռուսաստանի առաջատար սոցիոլոգիական ծառայություններից մեկի` «Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի» (ВЦИОМ) հրապարակած տվյալները:

«ԱՊՀ-ի պետությունների ղեկավարներից ո՞ւմ եք վստահում», - այս հարցին պատասխանելով՝ ռուսաստանցիների միայն 5 տոկոսն է նշել Հայաստանի նախագահի անունը: Ադրբեջանի նախագահի վարկանիշը հարցված ռուսաստանցիների շրջանում փոքր-ինչ ավելի բարձր է` 6 տոկոս: Միանձնյա առաջատարները Բելառուսի և Ղազախստանի նախագահներն են․ Ալեքսանդր Լուկաշենկոյին, օրինակ, վստահում է ВЦИОМ-ի կողմից հարցված ռուսաստանցիների 63 տոկոսը: Ինչպես և կարելի էր ակնկալել, ռուսաստանցիները ամենաքիչը վստահում են Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին՝ նրա վարկանիշը 1 տոկոսից էլ ցածր է: Ուշագրավ է, որ անգամ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած պետության` Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի վարկանիշը ռուսաստանցիների շրջանում ավելի բարձր է, քան Պորոշենկոյինը. այն մոտ 2 տոկոս է կազմում:

Ւնչ վերաբերում է ԱՊՀ-ի անդամ պետությունների հանդեպ Ռուսաստանի բնակչության վերաբերմունքին, ապա այստեղ կրկին առաջատարները Բելառուսն ու Ղազախստանն են: Ռուսաստանցիների 68 տոկոսի համոզմամբ, օրինակ, հետխորհրդային տարածքում իրենց երկրի ամենավստահելի գործընկերը Բելառուսն է: Ռուսաստանի վստահելի գործընկերների` ВЦИОМ-ի հրապարակած ցանկում երրորդը Հայաստանն է՝ 10 տոկոս վարկանիշով: Ադրբեջանը Ռուսաստանի մերձավորագույն դաշնակից է համարում հարցված ռուսաստանցիների 5 տոկոսը, վկայում են մոսկվացի սոցիոլոգները:

Իսկ հետխորհրդային տարածքի ո՞ր պետություններն են ռուսաստանցիները դիտարկում առավել մեծ հաջողություններ արձանագրածների շարքում․ այստեղ ևս առաջատարներն են Բելառուսն ու Ղազախստանը: Հաջողակության ցուցանիշով Հայաստանի և Ադրբեջանի վարկանիշերը գրեթե հավասար են` համապատասխանաբար 11 և 10 տոկոս: Հետաքրքրական է, ի դեպ, որ ռուսաստանցիների կողմից կազմված հաջողակ պետությունների այս ցանկում վեցերորդը Վրաստանն է․ Ռուսաստանի բնակիչների մոտ 6 տոկոսը համոզված է, որ Վրաստանը լուրջ հաջողություններ է արձանագրել բարեփոխումների և արդիականացման ճանապարհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG