Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն հանրաքվեի արդյունքները համարեց ընդունված, մերժեց ՀԱԿ-ի դիմումը


ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան

ՀԱԿ-ը դիմում էր ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով անվավեր ճանաչել հանրաքվեի նախնական արդյունքները և նոր քվեարկություն նշանակել։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակեց դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքները՝ դրանք համարելով ընդունված, և մերժեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ու մի շարք ՀԿ-ների դիմումները՝ հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու և նոր հանրաքվե նշանակելու մասին:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մոտ մեկ ժամ շարունակվող ելույթում նշեց, որ ներկայացված խախտումները չէին կարող ազդել քվեարկության արդյունքների և ընտրողների կամարտահայտության վրա:

Այսօր ավելի վաղ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում ներկայացրեցին դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում թե՛ իրենց, թե՛ նաև դիտորդություն իրականացրած կազմակերպությունների և լրատվամիջոցների բացահայտած խախտումները։

ՀԱԿ-ը դիմում էր ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով անվավեր ճանաչել հանրաքվեի նախնական արդյունքները և նոր քվեարկություն նշանակել։ Կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պնդեց, որ ընտրախախտումներն այնքան շատ են եղել, որ բավարար հիմք են տալիս հանրաքվեն անվավեր ճանաչելու համար։

«Իրական թվերը լրիվ այլ են: Մեր տեղեկություններով՝ այդ հանրաքվեին մասնակցել է 825 հազար մարդ, ընդ որում՝ գերակշռող մեծամասնությունը՝ մոտ 575 հազար մարդ քվեարկել է «ոչ», իսկ «այո», լավագույն դեպքում, քվեարկել է 250 հազար մարդ: Այնպես որ, իրական արդյունքը սա է», - հայտարարեց Զուրաբյանը:

Մոտ 4 ժամ շարունակված նիստի ընթացքում ընդդիմադիրները ներկայացնում էին հանրապետության տարբեր տեղամասերում, ըստ իրենց, տեղի ունեցած խախտումները՝ պնդելով՝ ցուցակներն ուռճացված են, քվեարկության օրը տեղի է ունեցել ուրիշի փոխարեն քվեարկություն, տեղամասերում ընդհատվել է ձայների հաշվարկը, գրանցվել են քվեներ գողանալու դեպքեր:

Վաղարշապատում, օրինակ բերեց Լևոն Զուրաբյանը, այն տեղամասում, որտեղ եղել է դիտորդ, քվեարկությունն անցել է առանց խախտումների, մյուս տեղամասում՝ հակառակը:

ՀԱԿ-ը նաև պնդում է, որ հանրաքվեից ավելի քան մեկ ամիս առաջ ոստիկանական շտաբի ստեղծումն անօրինական էր, որ նախարարները լծվել էին քարոզչության, իսկ «Ոչ»-ի հանրահավաքի ժամանակ Գյումրիից ավտոբուսները ուղևորներին Երևան չեն տեղափոխել:

Այս և արձանագրած այլ խախտումներն էին ներկայացնում ՀԱԿ-ի ներկայացուցիչները ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ կոչ անելով արդար որոշում կայացնել։

«Ձեր ներկայացրած թվերը 20.00-ի տվյալով փոխվել են: Փոխվել են արձանագրություններում, մասնավորապես, մի քանի հատ կարող եմ ասել, որ ակնհայտ տարբերություններ են տալիս: 4/17-[ընտրատեղամասում] 586 են հրապարակել ժամը 8-ին, արձանագրության մեջ՝ 1002, 4/20 [ընտրատեղամասում] 620 են հրապարակել ժամը 20-ի տվյալներով, 977 է արձանագրության տվյալներով: Միայն մի հինգ-վեց տեղամասերի արդյունքներով 2 հազար մասնակցություն ավելացել է՝ ժամը 8-ի ամփոփիչով և բերված արձանագրություններով: Միջինը ստացվում է 500 հոգի պաշտոնապես հայտարարված թվերից հետո արձանագրություններում ավելացել է: Սա, ինձ թվում է, ոչ թե մեր, այլ ձեր՝ անմիջապես դատախազություն ուղարկելու գործը պետք է լինի», - ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանն էլ խոսեց ընտրողների ցուցակների ուռճացվածությունից՝ հակասություններ գտնելով դրանց և պաշտոնական այլ թվերի միջև:

«Հատկապես ինձ հետաքրքրում է՝ ոնց է լինում, որ Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակչության 85 տոկոսը գալիս է քվեարկության: Իրականում, եթե մենք 85 տոկոս ունենք քվեարկողների, նշանակում է՝ մենք մահացող ազգ ենք: Էդպիսի բան չի լինում։ Այսինքն՝ մենք երիտասարդություն չունե՞նք, մենք ծնունդ չունե՞նք: Բայց հակառակն է՝ եթե ձեր իշխանության պաշտոնական վիճակագրությունն ենք նայում, ոնց որ թե վերջին 2 տարիների ընթացքում բնական աճը ավելանում է: Ես հետևել եմ 2003-15 թվականների բնակչության մշտական թիվ և ընտրողների թիվ: 72 տոկոս ընտրողների թիվը դարձել է 85 տոկոս: Չի կարող տենց բան լինել, ոչ մի վիճակագրության մեջ աշխարհում էսպիսի բան չկա», - ընդգծեց Խաչատրյանը:

XS
SM
MD
LG