Մատչելիության հղումներ

Նալբանդյան. «Իրավիճակի սրումը ապտակ է եռանախագահող երկրներին»


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուրբաթ օրը Վիեննայում` ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում, եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ ամենամյա խորհրդակցությունն է անցկացրել։

ԱԳՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը, Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքներին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ Երևանում կայացած նախարարական համաժողովին, Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումներին։

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել եվրոպական երկրների հետ փոխհարաբերությունների ամրապնդման, ԵՄ հետ շրջանակային նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ։

«Հանդիպման օրակարգում էին Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը, ադրբեջանական կողմից սադրիչ գործողությունների հետևանքով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից վերջին օրերին իրավիճակի շեշտակի սրումը՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների` Բելգրադում հնչեցված կոչին՝ վերահաստատել հիմնախնդրի բացառապես խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորման հանձնառությունը, ապտակ է եռանախագահող երկրներին և միջազգային հանրությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG