Մատչելիության հղումներ

Ջամշլու գյուղում գազաֆիկացման հույսով «այո» են քվեարկել


Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղում դեռ 2013-ին գյուղովի մասնակցել են նախագահական ընտրություններին ու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել՝ հույսով, թե հետո վառելանյութի պակաս ունեցող գյուղը կգազաֆիկացվի։ Համենայնդեպս, այդպիսի խոստումներ էին լսել, բայց ընտրություններից գրեթե երեք տարի անց՝ դեռ սպասում են։

«Հա, դե՜ ասենք եկան մի քանի անգամ․․․ միշտ էլ գալիս են, ինչ-որ հարցաքննում են, խոստանում են, բայց էդ խոստումը չի կատարվում», - «Ազատության» հետ զրույցում ասում էր գյուղացիներից մեկը:

Տներում աթար են վառում, դժվար է ճարվում՝ կովերի գլխաքանակը պակասել է: Դպրոցի դասարաններն էլ մինչև հիմա նավթի վառարաններով են տաքացնում։ Ծխապատ սենյակներում 36 երեխա է սովորում։

Սահմանադրական հանրաքվեից առաջ դարձյալ Երևանից պաշտոնյաներ են գնացել գյուղ, մտել մարզպետարան ու մարզպետի ներկայությամբ գյուղապետ Միրազմ Ուռուսյանին նույն խոստումը տվել:

«Գազաֆիկացման համար ես դիմել եմ, Երևանից մարդ է եկել մարզպետարան, խոսք տվին, որ էս տարվա մեջ պիտի գազաֆիկացում անեն», - պատմեց Ուռուսյանը:

Գազաֆիկացման մասին նոր խոստումները գյուղացիներին էլ են հասել. նաև այդ հույսով 91 ընտրողից ընդամենը 3-ն է «ոչ» քվեարկել։ Եվս 3 անվավեր քվեաթերթիկ են հանել քվեատուփից։

«Ով որ ըլնի՝ մեզ համար մեկ ա, ուղղակի ես պասպորտը վերցրել եմ, գնացել եմ, կայնել եմ, եկել եմ: Տղես իմ տեղը բան ա արել», - խոստովանեց գյուղի տարեց կանանցից մեկը:

«Թուղթը տվել ի, յաշիկի մեջը՝ գցել ի», - պատմեց մեկ ուրիշը:

Գյուղապետն ու դպրոցի տնօրենը գոհ են. գյուղը շենացնելու հույսը չեն կորցնում։

«Ամեն ինչը լավ ա: Ես իմ կյանքից, իմ ղեկավարությունից, իմ մարզից, իմ գյուղից, իմ գյուղապետից՝ ամեն ձևի գոհ եմ», - մեզ հետ զրույցում ասաց դպրոցի տնօրենը:

Ղեկավարությունից գոհունակություն հայտնելով՝ գյուղապետը փաստեց՝ 5 ընտանիք հենց այս պահին հավաքում է իրերը՝ մշտապես արտերկիր մեկնելու համար։ Բինբաշ Մամոյանի 3 որդիներն իրենց ընտանիքով արդեն հեռացել են։

«Ինչքան գնում ա՝ վատանումա: Ծանր ա, մեր ապրուստը՝ շատ ծանր ա», - պատմեց Մամոյանը:

Բինբաշի կինը՝ Կյավեն, որդիների ու թոռների կարոտը սրտում, աթարով վառարանը թեժացրել ու լավաշի բուրմունք էր տարածել տնով մեկ։ Նա էլ տարիներ շարունակ գազաֆիկացման մասին խոստումներ է լսել, բայց այդպես էլ չի տեսել։ Ի տարբերություն նախագահական ընտրությունների, անցած հանրաքվեին արդեն իր քվեաթերթիկն առանց նշում անելու է քվեատուփի մեջ գցել՝ անվավեր դարձնելու համար։

«Չէի ուզում, որ ասեմ հա․․․ չեմ արել: Ուզո՞ւմ եք՝ Հայաստանից հանեք ընձի», - ասաց նա:

65-ամյա Կյավեն պնդեց, թե դեկտեմբերի 6-ին վերջին անգամ է ընտրատեղամաս գնացել։ Էլ երբեք չի մասնակցի ընտրություններին՝ «ոչ հավատ կա, ոչ մե բան կա, ճիշտ էլ են ասում՝ սուտ ա դուրս գալիս, սուտ էլ են ասում՝ էլի սուտ ա դուրս գալիս, սաղ սուտ ա»:

XS
SM
MD
LG