Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՅԴ-ին հոբելյանի առթիվ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամներին և ՀՅԴ 125-ամյակի տոնակատարության մասնակիցներին:

«Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին իսկ ընձեռած հնարավորությամբ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը վերահաստատվեց հայրենիքում: Չնայած որոշ դժվարություններին և վայրիվերումներին՝ այս ավանդական կուսակցությունը զբաղեցրեց իր արժանի և կայուն տեղը Հայաստանի քաղաքական կյանքում: Դրա վկայությունն է ՀՅԴ շարունակական ներկայությունը Հայաստանի երրորդ Հանրապետության բոլոր գումարումների խորհրդարանում: Այս առումով այն մեր երկրի եզակի քաղաքական ուժերից մեկն է», - ասված է նախագահի ուղերձում:

«Կուսակցության ընդդիմադիր կարգավիճակը բնավ չխոչընդոտեց Հայաստանի իշխող քաղաքական ուժի` Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության համագործակցությանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխման ընթացքում: Ավելին, բանավիճելով, փոխզիջումներով համաձայնության գալով, մենք բոլորին ի ցույց դրեցինք քաղաքական ուժերի համագործակցության մի օրինակ, որը միտված էր համազգային նշանակության հարցերի լուծմանը», - նաև նշել է Սերժ Սարգսյանը և կրկին շնորհավորել Հայ Յեղափոխական Դաշնակցությանը հոբելյանի առթիվ:

«Համոզված եմ, որ ձեր ներուժն ու կարողությունները մշտապես պահանջված են լինելու` գտնելով իրենց արժանի կիրառումը», - եզրափակել է նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG