Մատչելիության հղումներ

Անբնական միտումներ՝ հանրաքվեի արդյունքներում


Ձայների հաշվարկը ընտրատեղամասերից մեկում, 6-ը դեկտեմբերի, 2015թ․

Ձայների հաշվարկը ընտրատեղամասերից մեկում, 6-ը դեկտեմբերի, 2015թ․

Հանրաքվեի արդյունքներն ուսումնասիրող փորձագետները մի շարք անբնական միտումներ են նկատում, նույն քաղաքում՝ իրարից ոչ հեռու գտնվող փողոցների մի մասում գերակշռում են «այո»-ի, մյուսում՝ «ոչ»-ի կողմնակիցները։

Օրինակ, Կենտրոնի 10/10 տեղամասում «այո»-ն ջախջախիչ հաղթանակ է տարել՝ ստանալով «ոչ»-ից 4 անգամ շատ ձայն՝ 1051 քվե։

Ընդամենը մի քանի փողոց այն կողմ պատկերը բոլորովին այլ։ 10/09-ում, 10/08 և 10/22-ում «ոչ»-ը հաղթել է՝ ստանալով ձայների 60-68 տոկոսը։

Առանձնացնում են նաև այլ ցուցանիշներ, օրինակ՝ 71 և ավելի բարձր տոկոսի մասնակցություն արձանագրած 316 տեղամասերից միայն 2-ում է հաղթել «ոչ»-ը, մյուսներում՝ «այո»-ն ջախջախիչ հաղթանակ է տարել։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որը հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններից մեկն է եղել, վերլուծել է արդյունքները ու նկատել, որ «այո»-ի հաղթանակը ուղիղ համեմատական է շատ տեղամասերում մասնակցության ակտիվության հետ։

«Նկատել ենք, որ 50-ից բարձր տոկոս մասնակցություն ապահոված տեղամասերում «այո»-ների քանակը գնալով ավելանում է: Օրինակ՝ 50-60 տոկոս մասնակցություն գրանցած տեղամասերում շուրջ 2.5 անգամ ավելի ձայներ կան «այո»-ի օգտին, 60-70 տոկոս մասնակցություն գրանցած տեղամասերում՝ 3.5 անգամ, 70-100 տոկոս մասնակցություն գրանցած տեղամասերում՝ շուրջ 5.5 անգամ», - ասում է ՀՔԱՎ ծրագրերի օգնական Անուշ Համբարյանը, - «Այս տարբերությունը հիմնավոր կասկած է առաջացնում առ այն, որ նշված տեղամասերում տեղի են ունեցել լցոնումներ կամ հնարավոր բացակա անձանց փոխարեն քվեարկություն»:

Վանաձորի գրասենյակը հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրություն է ուղարկել Գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն:

Համադրելով փաստերը՝ դիտորդական կազմակերպությունը ևս մեկ եզրակացություն է արել. այն տեղամասերում, որտեղ ներկայացուցիչներ են ունեցել, մասնակցությունը 50 տոկոսը չի գերազանցել։ Օրինակ՝ Լոռու մարզի Արևաշող գյուղի երկու տեղամասերից մեկում, որտեղ դիտորդ է եղել, մասնակցությունը 40 տոկոս էր, մյուսում՝ 81։

Հանրաքվեին, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, մասնակցել է ավելի քան մեկ միլիոն 303 հազար մարդ, կամ ընտրացուցակներում ընդգրկվածների 51 տոկոսը։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով, սակայն, անհրաժեշտ է հանրաքվեի մասնակիցների պաշտոնական ցուցանիշը համեմատել Հայաստանում առկա՝ մշտապես բնակվողների թվի հետ։ Այդ դեպքում ստացվում է, որ հանրաքվեին մասնակցել է ընտրողների 61 տոկոսը:

«Գնահատականը շատ հեռու է իրականությունից: Շատ կասկածելի է, վստահ՝ ճիշտ չէ նաև 51 տոկոս մասնակցությունը, թե՛ դիտողունության մակարդակով, և թե՛ նայելով, թե իրականում ընտրատեղամասերին կեղծիքների բնույթը ինչպիսին էին», - նշում է Խառատյանը:

Մասնակցության կասկածելի բարձր ցուցանիշից բացի՝ ազգագրագետը նկատում է, որ վստահություն չեն ներշնչում նաև Հայաստանում մշտական, առկա ու քվեարկության իրավունք ունեցողների՝ պաշտոնապես ներկայացվող թվերը․ - «Որ սա օգտագործվում է ընտրությունների կամ քվեարկությունների գործընթացում՝ կասկածից դուրս է: Այն լցոնումները, որ սրա հաշվին են լինում՝ կասկածից դուրս է: Կասկածից դուրս լինելով՝ մնացածը մնում է իրավական հաստատումների: Իրավական հաստատումներ բնակչությունը չի կարող անել, իրավական հաստատումը հենց այս աճպարարությունը կազմակերպողները կարող են անել»:

XS
SM
MD
LG