Մատչելիության հղումներ

Ակտիվիստների պնդմամբ, ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից հարձակման են ենթարկվել


Քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գևորգյանը
Քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գևորգյանը

Երիտասարդներն «առևանգման մասին» հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, սակայն ահազանգն անարձագանք է մնացել:

«Հակահարված» խմբի անդամ Արտակ Գևորգյանը պնդում է, որ այսօր Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել իրեն ու իր երկու ընկերներին: Նրանցից մեկը՝ Արեգ Առաքելյանը «Ազատությանը» պատմեց՝ դուրս էր եկել ընդմիջման, երբ քաղաքացիական հագուստով անձինք անակնկալ հարձակվեցին իր վրա:

«Սկզբում մտածեցի, թե ինչ-որ բանդիտական հարձակում ա, տենց հետևից գցել, սեղմել գետնին, հարվածել, հետո ավտո նստեցրին, քֆուր քյաֆար, հետո տենց ծալած տարան հասցրին երկրորդ հարկ, ինչ-որ օբիսկ, բան ման, ոնց որ տեռորիստ լինեինք, բայց ընդամենը պատրաստվում էի գնալ՝ հաց ուտել»:

Արեգ Առաքելյանի խոսքով՝ երկու օր առաջ Արտակ Գևորգյանը թղթե զրահամեքենայով ակցիա է իրականացրել ԱԱԾ-ի շենքի մոտ, և հենց այդ մասին են այսօր հիմնականում հարցեր տվել ԱԱԾ-ի ներկայացուցիչները: «Ես էդ ակցիայից 1 րոպեանոց վիդեո եմ տեսել, որ Արտակն ինձ երեկ ցույց տվեց: Տանկը քշում ա Նալբանդյան փողոցով, մութ էր, բան չէր երևում, հետո տենց կայանեց ԿԳԲ-ի շենքի մոտ, կայանելուց ինչ-որ հարված եղավ դարպասներին, դա լսեցի, ու տենց վիդեոն ավարտվեց»:

Քաղաքացիական ակտիվիստ Սիփան Փաշինյանը, իմանալով ընկերների հետ տեղի ունեցածի մասին, որոշել է դիմել ոստիկանություն՝ հաղորդում տալով առևանգման վերաբերյալ: «Զանգահարել եմ ոստիկանություն, ոստիկանությունից տեղեկացրել են, որ Արտակ Գևորգյան անուն-ազգանունով մարդ բերման չեն ենթարկել, Ազգային անվտանգությունը որևէ կերպ հեռախոսին չէր պատասխանում, որպեսզի ճշտեինք: Եղել են քաղաքացիական հագուստով, ինչպես ինձ տեղեկացրին»,- պատմեց Փաշինյանը:

Նա, սակայն, հաղորդում չի կարողացել ներկայացնել, քանի որ ավելի ուշ Կողբացի փողոցում ԱԱԾ-ի ներկայացուցիչներն իրեն մեքենայում արգելափակել են: «Ավտոյի դուռը բացում են, բանալին վերցնում են ու ասում են՝ տեղներիցդ չշարժվեք: Հարցնում ենք՝ որտեղից եք, ասում են՝ շուտով կիմանաք, որևէ հարցի չեն պատասխանում: Քաղաքացիական հագուստով էին, Ազգային անվտանգության ծառայողներից մեկը փողոցում բարձր հայհոյում էր, քաշքշուկ եղավ, հասարակական վայրում հայհոյելը դա խուլիգանություն ա՝ 258 հոդվածով»,- շարունակեց ակտիվիստը:

Ավելի ուշ ԱԱԾ աշխատակիցները հեռացել են: Միջադեպի ընթացքում, Փաշինյանի խոսքով, բերման է ենթարկվել նաև իրենց ընկեր Արման Ղարիբյանը: Երիտասարդները ոստիկանություն են դիմել՝ ահազանգելով, որ իրենց փորձում են առևանգել: Սակայն նրանց ահազանգին ի պատասխան, այդպես էլ որևէ մեկը չի եկել: «Հակահարված» խմբի անդամ Հերբերտ Գևորգյանի խոսքով՝ սա ցույց է տալիս, որ ոստիկանությունն էլ է մասնակից իրենց նկատմամբ իրականացվող հանցագործությանը:

«Ոստիկանություն զանգել եմ էն պահին, երբ տեսա, որ հարվածում են, հայհոյում են, ոստիկանությունը նախապես իմացել է էստեղ ինչ ա կատարվում ու չի խոչընդոտել, այսինքն՝ ոստիկանությունը մասնակցել ա էդ ամեն ինչին»,- ասաց Հերբերտ Գևորգյանը:

Այսօր ավելի ուշ հայտնի դարձավ, որ բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել: Թղթե զրահամեքնայով ակցիա իրականացրած Արտակ Գևորգյանը «Ազատությանն» ասաց, որ այդ գործողությամբ իր բողոքն է արտահայտել երկրում առկա անարդարությունների դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG