Մատչելիության հղումներ

Կոստանյանը բացատրում է՝ «հաղորդումն ինքնին հանցագործության փաստ չէ»


Գևորգ Կոստանյան, արխիվ

Գևորգ Կոստանյան, արխիվ

Գլխավոր դատախազն, այդուհանդերձ, խոստանում է ձեռնարկել բոլոր միջոցները՝ հանցագործությունները բացահայտելու համար:

Չնայած ընդդիմադիր ուժերը, անկախ դիտորդները և լրատվամիջոցները ահազանգում են հանրաքվեի օրը տեղի ունեցած բազմաթիվ ընտրակեղծիքների մասին, առ այսօր Հայաստանի իրավապահ մարմինները դրանց առնչությամբ որևէ մեկին մեղադրանք չեն առաջադրել:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց՝ հանրաքվեի առնչությամբ ստացվել է հանցագործության մասին 461 հաղորդում, առ այսօր հարուցվել է 14 քրեական գործ, որպես կասկածյալ ներգրավված է մեկ անձ: Հանրաքվեի հետ կապված այս պահին մեղադրանք է առաջադրվել միայն մեկ քաղաքացու, ով կալանավորված է, ընդ որում՝ այն տեսանյութի հիման վրա, որը ընդդիմությունն էր ներկայացրել հանրաքվեից օրեր առաջ՝ պնդելով, թե հանձնաժողովի անդամը փորձել է կաշառել իրենց ներկայացուցչին:

«Կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ, միայն մեկ հոգու մեղադրանք առաջադրելու հիմքեր կային, 10 հոգու լիներ՝ 10 հոգու մեղադրանք կառաջադրեինք: Բայց դա չի նշանակում, որ մենք ունենք կայացած և վերջացած պրոցես»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց գլխավոր դատախազը:

Ստացված հաղորդումների գերակշիռ մասը վերաբերել է դիտորդի գործունեությունը խոչընդոտելուն, 16 հաղորդում էլ ներկայացվել է՝ կապված լրագրողների աշխատանքը խոչընդոտելու հետ: Սակայն քրեական գործ հարուցվել է միայն «Ազատության» լրագրողի աշխատանքը խոչընդտելու առնչությամբ: Եվ չնայած տեսագրություններին՝ այս գործով դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, չկա նաև կասկածյալ:

Նախորդ օրերին ԱՄՆ-ի, Եվրամիության երկրների դեսպանությունները, խորը մտահոգություն հայտնելով «ընտրախախտումների վերաբերյալ արժանահավատ հաղորդումների» կապակացությամբ՝ Հայաստանի իշխանություններին կոչ արեցին թափանցիկ քննություն անցկացնել, որպեսզի հայ ժողովուրդը հանրաքվեի արդյունքներն ընկալի որպես վստահելի և լեգիտիմ:

Գևորգ Կոստանյանն այս առնչությամբ հավաստիացրեց՝ իրավապահ ողջ համակարգը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ հանցագործությունները բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Գլխավոր դատախազը, սակայն, հավելեց․ «Ահազանգերի առկայությունն ինքնին դեռևս չի նշանակում հանցագործության մասին հաղորդում, մեկ: Երկրորդ՝ հանցագործության մասին հաղորդումն ինքնին դեռևս չի նշանակում հանցագործության փաստ: Եվ երրորդ՝ հանցագործության փաստի առկայությունը դեռս չի նշանակում անձանց քրեական պատասխանատվության փաստ»:

Կոստանյանին հարցրեցինք՝ փորձե՞լ են պարզել, թե ովքեր են ընտրակեղծիքների պատվիրատուները, կամ՝ որտեղի՞ց է թաղապետարանի աշխատակիցը գումար հայթայթել՝ հանձնաժողովի ընդդիմադիր անդամին առաջարկելու համար:

«Կազմակերպված լինելու հանգամանքը․․․ ես չունեմ առերևույթ հիմքեր՝ նման կարծիք կազմելու, առնվազն դեռևս, նկատի ունենալով, որ նման տպավորություններ կարող են ստեղծվել ձեռք բերված փաստերի հիման վրա: Այսինքն՝ նյութերի նախապատրաստման, քրեական գործերի քննության ընթացքում, որից հետո մենք հնարավորություն կունենանք գնահատելու՝ արդյո՞ք սա կրում էր կազմակերպված բնույթ, թե անհատական մոտեցման արդյունք էր»,- պատասխանեց գլխավոր դատախազը:

Օրերս լրագրողների հետ հանդիպմանը վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարծիք էր հայտնել, որ ընտրակեղծիքների մասին տեսանյութերը մոնտաժված են: Այսօր գլխավոր դատախազն ասաց՝ «այո»-ի շտաբի ղեկավար Աբրահամյանի այդ հայտարարությունը չի լսել և չի էլ կարծում, որ վարչապետը կարող էր նման բան ասած լինել, «որովհետև այս կամ այն տեսանյութի մոնտաժված լինել չլինելու մասին հետևություններ հնարավոր է անել բացառապես համապատասխան փորձաքննությունների արդյունքում»:

Արդարությունը վերականգնելու մասին Կոստանյանի բազմաթիվ հավաստիացումներից հետո լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ի վերջո, ուրա՞խ եք, որ ձեր երեխաներն ապրում են այսպիսի Հայաստանում: «Էս Հայաստանը մեր Հայաստանն է, և էս Հայաստանը ինքներս ենք էսպիսին դարձրել և պահում: Եվ ինչքան որ մենք աշխատում ենք, ինչքան որ մենք մեր երկրի համար ներդնում ենք՝ այդպիսի երկիր էլ ունենք»,- պատասխանեց գլխավոր դատախազը:

XS
SM
MD
LG