Մատչելիության հղումներ

logo-print

Խոդորկովսկուն սպանության մեղադրանք է ներկայացվել


Միխայիլ Խոդորկովսկին հեռուստատեսային ասուլիսի ժամանակ, 9-ը դեկտեմբերի, 2015թ․

Միխայիլ Խոդորկովսկին հեռուստատեսային ասուլիսի ժամանակ, 9-ը դեկտեմբերի, 2015թ․

Ռուսաստանի քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՅՈւԿՕՍ ընկերության նախկին ղեկավար, ընդդիմադիր գործիչ Միխայիլ Խոդորկովսկուն այն բանից հետո, երբ նա Լոնդոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ հանդես եկավ կոշտ հայտարարություններով:

Ռուսաստանի քննչական կոմիտեն 10 տարի բանտում անցկացրած Խոդորկովսկուն այժմ էլ մեղադրում է 90-ականների վերջին սիբիրյան Նեֆտեյուգանսկ քաղաքում կատարված մի շարք սպանություններ կազմակերպելու մեջ: Դեռ անցած շաբաթ Խոդորկովսկուն այս հանցագործությունների հետաքննության շրջանակում հարցաքննության էին կանչել, ինչը առիթ տվեց նրան ենթադրելու, որ հաջորդ քայլը մեղադրանքի առաջադրումն է լինելու:

«Ամանորից առաջ ինձ նոր մեղադրանքներ առաջադրելը վաղեմի ավանդույթ է», - նշում էր Խոդորկովսկին` պնդելով, որ 1998-99 թվականներին Նեֆտեյուգանսկում կատարված հանցագործություններից առնվազն մեկը` նախկին քաղաքապետ Պետուխովի սպանությունը, բացահայտվել էր դեռ տարիներ առաջ:

«Սպանությունը բացահայտվել է այն նույն թվականին, երբ կատարվել էր` 1998-ին: Մարդասպանները հայտնաբերվել էին, ձերբակալվել, որոշ ժամանակ անց, սակայն, նրանց անհայտ պատճառներով ազատ արձակեցին: Որոշ ժամանակ անց էլ նրանց սպանեցին» , -հայտարարում էր Խոդորկովսկին` մեկ անգամ ևս պնդելով, որ 90-ականներին «Յուկոսի» կողմից նավթի արդյունահանման գլխավոր կենտրոններից մեկը հանդիսացած Նեֆտեյուգանսկի իրադարձությունների հետ ինքը որևէ առնչություն չունի:

Քննչական կոմիտեն հակառակն է պնդում․ գերատեսչության մամուլի խոսնակ Սերգեյ Մարկինն ասում է, որ 98-ին հենց Խոդրոկովկսին է հրահանգել իր տեղակալներին կազմակերպել Նեֆտեյուգանսկի քաղաքապետի, ինչպես նաև մեկ այլ տեղացի գործարարի սպանությունները, քանի որ նրանց գործունեությունը «հակասում էր «Յուկոսի» շահերին:

Քննչական կոմիտեն արտերկրում բնակվող Խոդորկովսկու դեմ նոր քննություն ձեռնարկեց հունիս ամսին, երբ պարզ դարձավ, որ միլիարդատիրոջ միջոցներով ստեղծված «Բաց Ռուսաստան» հիմնադրամը երկրի տարածքում ակտիվ գործունեություն է ծավալում: Սրան զուգահեռ, Խոդոկովսկու քաղաքական հայտարարությունները գնալով ավելի կտրուկ բնույթ էին ստանում` գագաթնակետին հասնելով դեկտեմբերի 8-ին Լոնդոնում կայացած ասուլիսի ժամանակ:

«Արդար ընտրությունների ինստիտուտի և իշխանափոխության այլ օրինական մեխանիզմների բացակայության պայմաններում վարչակազմի փոփոխության միակ ձևը հեղափոխությունն է: Հեղափոխությունը Ռուսաստանում անխուսափելի է», - հայտարարում էր Խոդորկովսկին:

«Յուկոսի» նախկին սեփականատիրոջ խոսքով երկրում նախահեղափոխական իրադրության ստեղծման գլխավոր պատճառը իշխանությունների հակասահմանադրական քայլերն են: Ստեղծված կացության գլխավոր մեղավորն էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է:

«Պուտինն ու նրա շրջապատը իրենց արարքների համար անկախ դատարանում պետք է հանրությանը պատասխան տան: Դա է իմ նպատակը», - նշում էր Միխաիլ Խոդորկովսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG