Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԱՆ-ից հեռացվել է «250 անօգուտ աշխատակից»


Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի տեղակալ
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի տեղակալ

Երկու ամսվա ընթացքում 250 աշխատակից է հեռացվել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունից. խոսքը «250 անօգուտ» աշխատակիցների մասին է: Այս մասին ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է գերատեսչության ղեկավարի տեղակալ Մադաթ Գուլիևը:

«Աշխատանքից ազատված աշխատակիցների փոխարեն նոր մարդիկ չեն ընդունվի, եղածներին էլ կշարունակեն կրճատել», - ասել է փոխնախարարը՝ չհստակեցնելով, թե արդյունքում գերատեսչության աշխատակիցների քանի տոկոսն է շարունակում աշխատել

Շուրջ երկու ամիս առաջ Ադրբեջանի ամենաազդեցիկ գերատեսչությունների մեկը համարվող ազգային անվտանգության նախարարությունը իր բարձրագույն ղեկավար կազմով հայտնվեց Ադրբեջանի իրավապահների ուշադրության կենտրոնում:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը շաբաթներ տևած լռությունից հետո հայտարարեց, որ նախարարությունում փաստացի գործել է կազմակերպված հանցավոր խումբ, որը մի շարք ծանր հանցագործություններ է իրականացրել, մասնավորապես՝ խոշտանգումների և շանտաժի միջոցով բիզնեսներ զավթել։ Այս ամենը հաջորդել է գերատեսչությունը 11 տարի ղեկավարած Էլդար Մահմուդովի անակնկալ պաշտոնանկությանը, որից հետո երկրի իրավապահները սկսեցին հատուկ գործողությունների շարք, ինչի արդյունքում էլ ձերբակալվեցին նախարարության մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ այդ թվում գեներալներ, որոնց նկատմամբ մեղադրանք առաջադրվեց ծառայողական լիազորությունները չարաշահելու հոդվածով։

Թեև տեղի ունեցածը պաշտոնապես ներկայացվում է որպես կոռուպցիայի դեմ պայքար, այդուհանդերձ, ադրբեջանական մամուլը գրում է, որ աղմկահարույց այդ պաշտոնանկություններն ու ձերբակալությունները քաղաքական դրդապատճառներ ունեն։ Այդ վարկածի համաձայն՝ պաշտոնանկ արված նախարարը առավել բարձր պաշտոն ստանձնելու հավակնություններ ուներ, ինչին հասնելու համար էլ գործի էր դրել երկրի ամենազորեղ գերատեսչությունը՝ հարուցելով անձամբ Իլհամ Ալիևի զայրույթը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG