Մատչելիության հղումներ

Դիտորդ Գասպարին «խոչընդոտել է տեղամասային հանձնաժողովի աշխատանքին»․ հարուցվել է քրգործ


Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարի, արխիվ

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարի, արխիվ

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ։

«2015 թվականի դեկտեմբերի 6-ին թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 9/16 տեղամասի դիտորդ Վարդգես Գասպարին թիվ 9/15 տեղամասում պարբերաբար աղմկել է, հայհոյել և իր վարքագծով խոչընդոտել տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքին, մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

«Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի առաջին մասով։ Քրեական գործն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն», - փոխանցում է Քննչական կոմիտեն:

Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի առաջին մասով «քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաև ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազորած անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը» պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 400-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG