Մատչելիության հղումներ

«Կեղծարարները կենթարկվեն հասարակական պարսավանքի»


Ընդդիմությունը սկսում է ընտրակեղծարարներին ցուցակագրելու գործընթաց:

Ընդդիմությունը ցուցակագրում է բոլոր այն անձանց, ովքեր այս կամ այն կերպ ներգրավված են եղել ընտրությունների կեղծման գործընթացում: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ, քանի որ իրավապահ մարմիների միջոցով հնարավոր չէ պատժել դեկտեմբերի 6-ին ընտրակեղծքիներ կատարած բոլոր անձանց, իրենք կդիմեն հասարակական պարսավանքի միջոցին՝ հրապարակելով ընտրակեղծարարների տվյալները:

«Հիմնական կեղծարարն ու հրահանգիչն իհարկե Սերժ Սարգսյանն է, բայց ստորին օղակներում այն անձինք, ովքեր կեղծել են ընտրությունները, ունեն անուն, ազգանուն, դեմք, բնակության վայր, հասցե և աշխատանքի վայր: Այս բոլոր մարդկանց տվյալները մենք հիմա ցուցակագրում ենք, և իրենք չեն խուսափելու պատասխանատվությունից: Հանրային պարսավանքի միջոցների կիրառումն իրենց նկատմամբ անխուսափելի է: Բոլորի անունները հրապարակվելու են»,- այսօր խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

Ընտրակեղծարարներին հասարակական պարսավանքի ենթարկելու միջոցն արդյունավետ է համարում նաև «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբայնը: «Հասարակությունը շատ ակտիվացել է, հիմա այդ ընտրակեղծարարներին «Ֆեյսբուք»-ում դնում են և խայտառակում են, էդ մարդիկ հիմա «Ֆեյսբուք»-ից փախչում են, ամոթից փախչում են»,- ասաց ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավարը:

Հասարակական պարսավանքից զատ, ՀԱԿ-ը նաև կոնկրետ իրավական գործողությունների է անցնում՝ այսօր կուսակցությունը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հանրաքվեի արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով, թեև վստահ են, որ դրական արդյունքի չեն հասնելու:

«Կարծում եք պետք է հավատա՞մ, որ Տիգրան Մուկուչյանը կամ նրա ղեկավարած հանձնաժողովը կարող է ապստամբել Սերժ Սարգսյանի լծի դեմ: Չէ, ես չեմ հավատում, որ նա կապստամբի, բայց մենք մեր պարտքը կատարում ենք և նույն այդ ԿԸՀ-ին, նույն այդ իշխանությանը դնում ենք այնպիսի վիճակում, որ իրենք ամաչեն»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Նա տվյալներ ներկայացրեց, նշելով, որ մաթեմատիկական ճշգրիտ վերլուծության արդյունքում պարզ է դարձել՝ հանրաքվեի արդյունքները կեղծվել են, այն էլ՝ մի քանի հարյուր հազարով: «Այս հանրաքվեում մասնակցության թիվը կեղծվել է 485 հազարով»:

Մաթեմատիկական այդ վերլուծությանը, մինչդեռ, իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի հավատում և հակադարձում է․ «Երևի մի շաբաթ համբերեք, աստիճանաբար Լևոն Զուրաբյանն արդեն իր մաթեմատիկական ունակություններն ավելի լավ կդրսևորի, և նրան օգնության կհասնեն իրոք մաթեմատիկները և հաշվարկներ կլինեն, որ ամեն ինչ ճիշտ է եղել»:

Հանրաքվեի արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով ԿԸՀ-ին դիմելու՝ ՀԱԿ-ի նախաձեռնության առնչությամբ, Բաղդասարյանն ասաց՝ «շատ նորմալ եմ վերաբերվում, իհարկե պետք է դիմեն, բա ինչպե՞ս պետք է իրենց դեմքը պահեն»:

Այն, որ հանրաքվեի ընթացքում կեղծիքներ են եղել, չի հերքում նույնիսկ սահմանադրական փոփոխություններին «այո» ասած «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Որ ընտրախախտումներ եղել են, ընտրակեղծիքներ եղել են, ակնհայտ է: Անշուշտ, ունենք ափսոսանքի զգացում, միայն այն փաստը, որ մենք այս հանրաքվեով չկարողացանք գոնե նվազագույն չափով մեծացնել վստահությունը ընտրությունների, հանրաքվեի հանդեպ, մեծ ափսոսանք է»:

Դիտարկմանը՝ պնդումներ կան, որ այսպիսի հանրաքվեից հետո ՀՅԴ-ն այլևս իրավունք չունի 1995թ․ հանրաքվեի կեղծիքների մասին խոսելու, Վարդանյանն արձագանքեց․ «Մենք սովորաբար հետ չենք նայում, մենք մասնակից ենք եղել հանրաքվեին, ինչպես մյուս բոլոր քաղաքական կուսակցությունները, ինչպես «ոչ» ասող կազամակերպությունները: Եվ թող իրենք նախ իրենց նայեն, թող նայեն՝ իրենք քանի տեղամասում են կարողացել ապահովել օրինականությունը, Դաշնակցությունը՝ քանի տեղամասում: Իրենք քանի տեղամասում են իրենց վստահված անձանց, հանձնաժողովի անդամների տեղերը ուրիշների տվել, Դաշնակցությունը՝ քանիսում»:

Աղվան Վարդանյանի պնդմամբ, Դաշնակցությունը հանրաքվեի օրը նույնպես ահազանգեր է ստացել, և շատ տեղերում իրենց հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք են կարողացել պահպանել օրինականությունը: ՀՅԴ-ն չի բացառում, որ իրենց մեջ էլ են եղել այնպիսիք, ովքեր խախտումներ են արել, «գյուղ չկա որ շուն չլինի»,- պատկերավորեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը:

Այս օրերին ՀՅԴ-ից բացի, քննադատության է ենթարկվում նաև «Բարգավաճ Հայաստան»-ը: Այս կուսակցությունը տարեսկզբին սուր քննադատության էր ենթարկում սահմանդարական փոփոխությունները՝ պնդելով, որ դրանց միջոցով Հանրապետականը ցանկանում է վերարտադրվել: Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո, սակայն, ԲՀԿ-ն սկսեց «այո» քարոզել: Այսօր ճեպազրույցի ժամանակ «այո»-ի քարոզարշավին ակտիվորեն մասնակցած՝ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանին հարցրեցինք՝ արդյո՞ք այժմ կարող են հակառակը պնդել:

«Մինչև փետրվար ամիսը այդ կոնսոլիդացիան հիմնական նպատակ է ունեցել, որպեսզի ոչ թե գնա ցնցումային իշխանափոխություն․․․ իշխանության բովանդակությունը, այն տեսքով որ կա, ուղղակի արդեն անհնար ա, որ վերարտադրվի: Եթե չկա նախագահի ինստիտուտը, եկեք մի հատ ուշադիր նայենք, ի՞նչն էր վերարտադրվում անընդհատ՝ հիմնականում նախագահական լիազորություններն ու ինստիտուտը, չէ՞:

Նախագահական ինստիտուտը, լիազորությունները հանվում են, արդեն կառավարման մոդելը և բովանդակությունը փոխվում է, և մոնոպոլ կառավարում չի լինելու, դա նույնը չի, այս մոդելը գրեթե հնարավորություն չի տալիս, որ միայնակ նա վերարտադրվի»,- դիրքորոշման փոփոխությունն այսպես պարզաբանեց ԲՀԿ-ական պատգամավորը:

XS
SM
MD
LG