Մատչելիության հղումներ

logo-print

Ընտրացուցակներում Ավետիսյանների անունների առկայությունը չի հաստատվել․ ՔԿ


Դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընտրացուցակներ ընտրատեղամասերից մեկում, արխիվ

Դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընտրացուցակներ ընտրատեղամասերից մեկում, արխիվ

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ստուգվել և հերքվել են մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների տվյալները ներառված են եղել ընտրացուցակներում, և նրանց փոխարեն կատարվել է քվեարկություն։ Այդ մասին այսօր հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, նշելով․ - «Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մամուլում նշված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»։

«2015 թվականի դեկտեմբերի 8-ին Շիրակի մարզի դատախազությունից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն է ստացվել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին մամուլում տպագրված «Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված Ավետիսյանները ևս «քվեարկել են» վերտառությամբ հոդվածի պատճենը: Ըստ «Հրապարակ» թերթի՝ խմբագրություն է զանգել Գյումրիի իրենց ընթերցողներից մեկը և ասել, որ «գյումրեցիները խիստ վրդովված են. դեկտեմբերի 6-ին քվեարկության գնացած գյումրեցիները նկատել են, որ հանրաքվեի ցուցակներում ոչ միայն կան այս տարվա հունվարին ռուս ոճրագործ Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանների անունները, այլև դրանց դիմաց ստորագրություններ են դրված, այսինքն՝ նրանք էլ են «քվեարկել» հօգուտ Սահմանադրության», - փոխանցում է Քննչական կոմիտեն:

«Հրապարակման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր։ Արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոց 188 հասցեում հաշվառված, քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող Ավետիսյանների ընտանիքի անդամները նախկինում ընդգրկված են եղել թիվ 35/38 ընտրատեղամասի ընտրողների ցուցակներում, ովքեր հաշվառումից հանվել են դեռևս 2015 թվականի փետրվարին», - ասված է հաղորդագրությունում, որում նաև նշված են Ավետիսյաններին հաշվառումից հանելու կոնկրետ օրերը, վկայակոչված թիվ 35/38 ընտրատեղամասի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները զննելու մասին արձանագրություններն ու Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի անձնագրային բաժանմունքից ստացված գրությունը:

«Հետևապես՝ բացակայում է հանցագործության դեպքը, և դեկտեմբերի 11-ին որոշում է կայացվել՝ «Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված Ավետիսյանները ևս «քվեարկել են» վերտառությամբ հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով», - փոխանցում է Քննչական կոմիտեն:

Հիշեցնենք՝ հանրաքվեի ժամանակ ընտրացուցակներում Ավետիսյանների ընտանիքի անդամների անունների առկայությունը ավելի վաղ հերքել է նաև Ոստիկանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG