Մատչելիության հղումներ

logo-print

Առաջիկա ժամերին Հայ ազգային կոնգրեսը հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու դիմում է ներկայացնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Ընդդիմադիր ուժը պնդում է՝ ԿԸՀ-ն գլխիվայր շուռ է տվել հանրաքվեի իրական պատկերը, ինչն ապացուցելու համար ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ռուս փորձագետների հաշվարկները ներկայացրեց։

Ըստ այդ ուսումնասիրության, «այո»-ն հաղթել է բոլոր այն տեղամասերում, որտեղ շատ բարձր է եղել մասնակցության ցուցանիշը, ինչը ըստ Զուրաբյանի նշանակում է, որ այս տեղամասերում լցոնում է եղել։ Հաշվարկները, ըստ Զուրաբյանի, նաև ցույց են տալիս, որ իրականում հանրաքվեին մասնակցողների թիվը ԿԸՀ տվյալներից կես միլիոնով ավելի քիչ է եղել, «ոչ»-ն էլ կրկնակի շատ ձայն ստացել․ - «Այս վերլուծության համաձայն՝ հանրաքվեին մասնակցել է մոտավորապես 825,000 մարդ, որոնցից մոտ 575 հազարը քվեարկել են «ոչ» և 250 հազարը քվեարկել են «այո»: Սա ամենալավատեսական սցենարով՝ «այո»-ականների համար»:

Զուրաբյանի խոսքով, փորձագետները չեն բացառում, որ որոշ համայնքներում ընտրողներն իսկապես խիստ հավանել են սահմանադրության փոփոխություններն ու միաբերան հավանություն տվել։ Դիտարկել են նաև այդ ընտրատեղամասերը, ռուս դիտորդներից մեկը որպես լրագրող գնացել է Մեծամոր և երկու տեղամասերում հետևել հանրաքվեի ընթացքին։ Արդյունքները ցույց են տվել, որ ամբողջ ընտրատարածքում «այո»-ի ամենացածր ցուցանիշը հենց այդ երկու տեղամասում է եղել․ - «Այդ երկու տեղամասում կանոնավոր է անցել, վախեցել են արտասահմանյան դիտորդի, լրագրողի ներկայությունից: Որտեղ որ չեն կեղծել, ստացել եք այն պատկերը, որի մասին ես խոսեցի»:

Պնդելով, որ որևէ տեղամասում «այո»-ն օրինական չի հաղթել՝ Զուրաբյանը առաջարկեց Սերժ Սարգսյանին պատահական 5 տեղամասերում բացել ցուցակները և հրապարակել՝ ովքեր են դեկտեմբերի վեցին քվեարկել:

«Խնդիրը հենց սա է․ հանրապետական ընտրակեղծարարները պահում են այդ ցուցակները որպես ամենամեծ պետական գաղտնիքը, որովհետև շատ լավ գիտեն, որ եթե այդ ցուցակները բացվեն և ուսումնասիրվեն, պարզ կդառնա, որ նրանք ծայրից ծայր կեղծել են հայ ժողովրդի կամքը», - կարծիք հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

XS
SM
MD
LG