Մատչելիության հղումներ

Հայաստանի պատվիրակությունը այցելել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայան


Հայաստանի և ՆԱՏՕ-ի դրոշները, արխիվ
Հայաստանի և ՆԱՏՕ-ի դրոշները, արխիվ

Երեկ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գործընկերության և համագործակցային անվտանգության կոմիտե + Հայաստան ձևաչափով նիստը, որը նախագահել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էին արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նիստի ընթացքում քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) 2014-2015 թվականների գնահատման զեկույցը:

Աշոտ Հովակիմյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստան-ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը և տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Նա վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ 2016 թվականի ընթացքում շարունակելու հայ խաղաղապահների մասնակցությունը Կոսովոյի և Աֆղանստանում Հաստատակամ աջակցություն առաքելություններին:

Դավիթ Տոնոյանը խոսել է Հայաստանի Զինված ուժերում բարեփոխումների ընթացքի, բարեվարքության ամրապնդման ծրագրի իրականացման և Զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված քայլերի, պաշտպանության նախարարության կողմից իրականացվող ռազմական կրթության ծրագրերի մասին՝ շեշտելով նաև նոր ծրագրեր նախաձեռնելու կարևորությունը:

Նիստի մասնակիցների խնդրանքով հայկական կողմը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում տիրող իրավիճակը:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում բարձր են գնահատել Հայաստանի համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ բոլոր բնագավառներում և իրենց աջակցությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը:

Փոխնախարարները նաև պատասխանել են ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պատվիրակների բազմաթիվ հարցերի:

Նիստից հետո Հովակիմյանը և Տոնոյանը հանդիպումներ են ունեցել քաղաքական և անվտանգության քաղաքականության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական դեսպան Թերի Ստամատոպուլոսի, կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ դեսպան Մարիետ Շուրմանի, Հյուսիսատլանտյան դաշինքի Միջազգային անձնակազմի պաշտպանության պլանավորման ստորաբաժանման նորանշանակ տնօրեն Փոլ Սևերոյի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG