Մատչելիության հղումներ

Դինքի սպանության գործով նախկին պաշտոնյաների դեմ հայցը ուղարկվեց դատարան


Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ռամազան Աքյուրեք, արխիվ

Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ռամազան Աքյուրեք, արխիվ

15 օրվա ընթացքում Ստամբուլի 14-րդ քրեական ծանր հանցագործությունների դատարանը պետք է որոշում կայացնի՝ գործը վարույթ ընդունել կամ ոչ:

Հրանտ Դինքի սպանության գործով նախկին պետական պաշտոնյաների, նախկին բարձրաստիճան ոստիկանների դեմ մեղադրանքների հայցը ուղարկվել է Ստամբուլի քրեական բարձր դատարան: Այդ մասին տեղեկացնում է «Ակոս» թերթը:

Այս միջնորդությունը երկու անգամ Ստամբուլի դատախազությունը չէր ընդունել, հետ էր ուղարկել, բայց դեկտեմբերի 9-ին հայցը հաստատվել է, և հիմա 15 օրվա ընթացքում Ստամբուլի 14-րդ քրեական ծանր հանցագործությունների դատարանը պետք է որոշում կայացնի՝ գործը վարույթ ընդունել կամ ոչ:

Today’s Zaman-ը հստակեցնում է, որ այս դատարանը լսում է ահաբեկչական մեղադրանքներով ծանր հանցագործությունների գործերը:

Դատախազ Գյոքալփ Քյոքչուի պատրաստած միջնորդությամբ պահանջվում է քրեական պատասխանատվության ենթարկել 26 անձանց, որոնք Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ են զբաղեցրել ոստիկանության համակարգում, այդ թվում՝ Տրապիզոնի քրեական հետախուզության նախկին պետ Էնգին Դինչին, Տրապիզոնի նահանգի նախկին ոստիկանապետ Ռեշաթ Ալթային, Ստամբուլի ոստիկանության քրեական հետախուզության նախկին ղեկավար Ահմեթ Իլհան Գյուլերին: Եթե դատարանը ընդունի հայցը, հանցավոր անփութության մեղադրանքով նրանց 20-25 տարվա ազատազրկում կսպառնա:

Եվս մի քանի նախկին բարձրաստիճան ոստիկաններ կարող են դատապարտվել պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքներով:

Hurriyet Daily News-ը, իր հերթին, գրելով, որ հայազգի ճանաչված լրագրող Հրանտ Դինքի սպանության՝ 9 տարի շարունակվող հետաքննության արդյունքում 26 նախկին բարձրաստիճան ոստիկանների, այդ թվում՝ նախկին ոստիկանապետերի ազատազրկում է սպառնում, նշում է, որ նրանց թվում կան նաև ահաբեկչական կազմակերպություններ ստեղծելու և ղեկավարելու հոդվածով մեղադրվողներ:

Նույնիսկ հնարավոր է, որ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ոչ միայն երկարատև, այլև ցմահ ազատազրկման դատապարտվեն: Մասնավորապես, Daily Sabah-ը գրում է, որ Ստամբուլի դատախազության գրասենյակի կողմից հաստատված հայցով պահանջվում է ցմահ ազատազրկման դատապարտել Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ռամազան Աքյուրեքին, ոստիկանության հետախուզության դեպարտամենտի նախկին ղեկավար Ալի Ֆուադ Յըլմազերին և նույն դեպարտամենտի ղեկավարի նախկին տեղակալ Քոշկուն Չաքարին:

«Ակոս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքը 2007 թվականի հունվարի 19-ին սպանվեց Ստամբուլի Շիշլի թաղամասում՝ թերթի խմբագրատան դիմաց:

XS
SM
MD
LG