Մատչելիության հղումներ

Իշխող Հանրապետականի ներկայացուցիչը, ի պատասխան, հորդորում է «չխախտել սահմանադրական կարգը»:

Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը կողմ է ազնվության բանակ ստեղծելու՝ «ոչ»- ի շտաբի ղեկավար, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գաղափարին: «Այդ գաղափարն ընդունում եմ և կարծում եմ, որ ճիշտ ճանապարհին են՝ պատրաստվելով 2017թ․ համապետական ընտրություններին»,- ասաց Մելիքյանը:

Հանրաքվեն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջը, սակայն, Գագիկ Մելիքյանը չի ընդունում, ասում է՝ եթե խախտումներ եղել են, ապա պետք է քննվեն փաստերը, մեղավորները պետք է պատժվեն: «Կեղծիքների մասին բոլորը պնդումները, սակայն, նախ ապացուցել է պետք»,- ասում է հանրապետական պատգամավորն ու հավելում՝ եղած խախտումները հանրաքվեի արդյունքների նկատմամբ կասկած չեն առաջացնում, քաղաքացիներն իրացրել են իրենց ընտրելու իրավունքը:

«Հանրաքվեի լեգիտիմության մասին իրավունք ունեն խոսելու այն քաղաքական ուժերը, գործիչները, ովքեր, համենայն դեպս, իրենց նախկին քաղաքական գործունեության ընթացքում կամ նաև այսօր նմանատիպ խախտումներ թույլ չեն տալիս: Սրանք ընդամենը մերկապարանոց հայտարարություններ են և այլ նպատակներ են հետապնդում: Որպեսզի կարողանան իրենց դիրքերն ամրապնդել ընդդիմադիր դաշտում»,- շարունակում է Մելիքյանը:

«Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը, մինչդեռ, վստահ է ՝ մարդու հիմնարար և կարևորագույն իրավունքներից մեկը՝ ընտրելու իրավունքն այս հանրաքվեի ընթացքում էլ ոտնահարվեց: «Համատարած ոտնահարվել է մեր այդ իրավունքը, և մենք հնարավորություն չունենք ընտրությունների միջոցով հասնել մեր հիմնարար իրավունքների իրացմանը: Դա միանշանակ է, արդեն տարիներ շարունակ»,- ասում է Փոստանջյանը:

«Այո»-ի ճամբարից հնչող հայտարարություններին, թե նոր Սահմանադրությունը կամրապնդի նաև ընտրելու իրավունքի պաշտպանությունը, Փոստանջյանը հակադարձում է․ - «Այլևս կարիք չկա ինչ-որ հարցերի, իրավունքների շուրջ խոսելու: Եթե այդ իրավունքը դու չես կարողանում իրացնել, կապ չունի ինչ փաստաթուղթ է ապագայում լինելու»:

Պայքարի միակ ձևն ընդդիմադիր գործչի համար այլևս «խաղաղ անհնազանդությունն» է և դրա միջոցով արտահերթ ընտրությունների անցկացմանը հասնելը։ Հանրապետական Գագիկ Մելիքայնն այսպես է արձագանքում դրան․ - «Ընդամենը կհորդորեմ սահմանադրական կարգը չխախտել»:

Կուսակցությունից Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո «այո»-ի քարոզարշավին ակտիվորեն մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանը ևս կարծում է, որ այս հանրաքվեի ընթացքում քաղաքացիների ընտրության իրավունքը պաշտպանվել է: Իսկ «ոչ»- ի ճակատից հնչող քաղաքացիական անհնազանդության կոչերը, ըստ նրա, մարդու իրավունքների պաշտպանության հետ կապ չունեն:

XS
SM
MD
LG