Մատչելիության հղումներ

Չեխիայի նախագահը՝ ընդդեմ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության


Չեխիայի նախագահ Միլոշ Զեման, արխիվ
Չեխիայի նախագահ Միլոշ Զեման, արխիվ

«Թուրքիայի հարցում հարկավոր է զգուշավոր մոտեցում որդեգրել», - շեշտում է Միլոշ Զեմանը:

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կտրականապես դեմ է Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելուն: Այս մասին նա հայտարարեց չորեքշաբթի օրը երկրի հյուսիսային շրջաններ կատարած այցի ընթացքում:

Չեխիայի նախագահը, սակայն, խոստովանում էր, որ մի քանի տարի առաջ Եվրամիության անդամ պետությունների ղեկավարների շրջանում Թուրքիայի անդամակցությանը հակադրվողների թիվն ավելի մեծ էր:

«Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի շուրջ ոչ վաղ անցյալում որոշակի հավասարակշռություն կար: Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին ոգևորված չէր այդ հեռանկարով: Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը ընդամենը մի քանի տարի առաջ խոսում էր Թուրքիայի հետ «ռազմավարական գործընկերության» մասին` այդ արտահայտությունը Թուրքիայի լիիրավ անդամակցությունը մերժելու յուրատեսակ ձև էր», - նշում էր Զեմանը, նկատելով, սակայն, որ փախստականների ճգնաժամը փոխեց նաև եվրոպացի ղեկավարների զգալի մասի վերաբերմունքն Անկարայի նկատմամբ:

«Թուրքիային Եվրամիության կողմից առաջարկվեց ավելի քան երեք միլիարդ եվրո` իր տարածքում գտնվող փախստականներին տեղավորելու համար: Այդ գումարի զգալի մասը` մոտ 700 միլիոն չեխական կրոն, մուծելու է մեր երկիրը: Սա ինձ հիշեցրեց Հռոմեական կայսրության անկմանը նախորդած ժամանակաշրջանը, երբ հռոմեացիները վճարում էին բարբարոսներին, որպեսզի նրանք զերծ մնան իրենց տարածք մուտք գործելուց», - հայտարարում էր Չեխիայի նախագահը` խորհուրդ տալով հայրենակիցներին․ - «Թուրքիայի հարցում հարկավոր է զգուշավոր մոտեցում որդեգրել»:

«Ենթադրում եմ, որ իմ արտաբերած այս մի քանի նախադասության համար առաջիկա օրերին Թուրքիայի դեսպանը բողոքի նոտա կուղարկի նախագահական պալատ», - եզրափակելով իր ելույթը՝ ասաց Միլոշ Զեմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG