Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը հայտարարում է «ազնվության բանակ» ստեղծելու մասին


Ոստիկանական շարասյունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց, 10-ը դեկտեմբերի, 2015թ.

Ոստիկանական շարասյունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց, 10-ը դեկտեմբերի, 2015թ.

Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված բողոքի ցույցը ոստիկանների հետ բախումով սկսվեց։ Ազատության հրապարակում ելույթներից մեկի ժամանակ «Նոր Հայաստան»-ի ակտիվիստները կրկին փորձեցին վրան տեղադրել, կրկին ապարդյուն։

Բերման ենթարկվեցին երեք քաղաքացիներ։ Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ցուցարարները խախտել էին ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կարգը։ Հարթակից ելույթ ունեցող առաջնորդները կոչ արեցին ոստիկանների գործողություններին չմիջամտել։

Ավանդաբար այս օրը ցույց անցկացնող Հայ ազգային կոնգրեսին այսօր միացել էր նաև Րաֆֆի Հովհաննիսյանի ու Ժիրայր Սեֆիլյանի առաջնորդած «Նոր Հայաստան»-ը։ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց՝ ստեղծում են «ազնվության բանակ»՝ հավաքագրելով բոլոր նրանց, ովքեր պայքարել են ազատ և արդար հանրաքվեի համար։

«Բառիս բուն իմաստով ազնվության բանակ, որովհետև այն պայքարը, որ ընթանում է մեր երկրում, դա իրականում պայքար է ազնվության և խարդախության, չարիքի միջև»,- ասաց Զուրաբյանը։

Մարդու իրավունքների պաշտպանության օրը Զուրաբյանը հայտարարեց, որ Հայաստանում խախտվում է սեփական իշխանությունը ձևավորելու իրավունքը, և «ազնվության բանակը» պետք է դառնա ազատ և արդար ընտրությունների գլխավոր երաշխավորը։

«Ազատության» հետ զրույցում Զուրաբյանը ասաց, որ սա ամենևին չի նշանակում, թե սկսում են պատրաստվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Դեռ շարունակում են բողոքարկել հանրաքվեի արդյունքները.- «Կառուցում ենք մեր դիմումը ԿԸՀ-ին՝ այս հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու նպատակով, որը մենք ուրբաթ օրը պետք է ներկայացնենք ԿԸՀ։ Եթե պահանջվի, մենք դրանից հետո կկառուցենք նաև մի գործընթաց՝ կապված Սահմանադրական դատարան դիմելու հետ»։

Ցույցի մասնակիցները երթով հասան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ, որտեղ կրկին նրանց դիմավորեց ոստիկանական պատնեշը։ Բանակցություններից հետո ցուցարարներին թույլ տվեցին մի քանի րոպե կանգնել շենքի դիմաց։ Ցուցարարները սկսեցին վանկարկել «անվավեր» և «ամոթ»։

Ազատության հրապարակից բերման ենթարկված անձինք արդեն ազատ են արձակվել։ Ժամեր անց հայտարարություն տարածեց մարդու իրավունքների պաշտպանը՝ պնդելով, թե հրապարակում վրան տեղադրելու անթույլատրելիությունը չի բխում ո´չ Հայաստանի օրենսդրության պահանջներից և ո´չ էլ միջազգային իրավական չափորոշիչներից։ Օմբուդսմենը նամակով դիմել է ոստիկանությանը և խնդրել քննարկել վրան տեղադրելու հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG