Մատչելիության հղումներ

Ըստ օմբուդսմենի, վրանի տեղադրման արգելումը չի բխում օրենսդրության պահանջներից և միջազգային իրավական չափորոշիչներից


Կարեն Անդրեասյան, Հայաստանի օմբուդսմեն, արխիվ

Կարեն Անդրեասյան, Հայաստանի օմբուդսմեն, արխիվ

Հայաստանի օմբուդսմենի գրասենյակն արձագանքել է Վարուժան Ավետիսյանի՝ Ազատության հրապարակում վրան տեղադրելու հետ կապված՝ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումին: Օմբուդսմենի պատասխան գրության մեջ նշված է.

«Քաղաքացի Վարուժան Ավետիսյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումով հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 1-ից Երևանի Ազատության հրապարակում կազմակերպում են շուրջօրյա հանրային հավաքներ, որոնք ուղեկցվում է 24 ժամ անընդհատ անցկացվող նստացույցով: Վ. Ավետիսյանը նշել է, որ հաշվի առնելով օդի բացասական ջերմաստիճանը, հատկապես գիշերային ժամերին բաց երկնքի տակ գտնվող նստացույցի և առհասարակ՝ հավաքի մասնակիցների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը, դիմել է լիազոր մարմին՝ հավաքի ժամանակ օգտագործվող առարկաների շարքում նաև վրաններ ընդգրկելու խնդրանքով: Լիազոր մարմինը՝ Երևանի քաղաքապետարանը, կարծիք ստանալու նպատակով դիմել է ՀՀ մշակույթի նախարարին և ստացված կարծիքի հիման վրա մերժել վրան տեղադրելու մասին դիմումը:

Վ. Ավետիսյանն իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ ՀՀ ոստիկանությունը բռնությամբ արգելում է ցրտից պատսպարվելու այդ միակ տարբերակին դիմելու բոլոր փորձերը և վարչական պատասխանատվության է ենթարկում վրան տեղադրելու փորձ կատարող հավաքի մասնակիցներին:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումներն ու խնդրին վերաբերող միջազգային իրավական չափանիշների համաձայն՝ հավաքի ժամանակավոր բնույթի վերաբերյալ եզրույթը չպետք է կանխարգելի ոչ մշտական կառույցների և վրանների տեղադրումը:

Հավաքի ազատության իրավունքի իրացման անկյունաքարային մոտեցման համաձայն՝ ցուցարարները պետք է ապահովվեն իրենց տեսակետներն արտահայտելու համար անհրաժեշտ բավարար հնարավորություններով: ՄԻԵԴ-ն ամրագրվել է նաև այն սկզբունքը, որ հավաքի մասնակիցները նույնքան իրավունք ունեն ողջամիտ ժամկետում օգտագործելու համապատասխան ընդհանուր օգտագործման տարածքները, որքան այլ անձինք՝ այլ առօրյական նպատակներով:

Թեև հավաքի անցկացման ժամանակ վրանների տեղադրումը հավաքների ազատության իրավունքի իրականացման պարտադիր նախապայման չէ, սակայն միևնույն ժամանակ վրանի տեղադրման իրավաչափության հարցն անհրաժեշտ է գնահատել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ վտանգի տակ գտնվող անձի/անձանց կյանքի պաշտպանության համար գործնական կանխարգելիչ միջոցներ կիրառելու, առողջության պահպանման իրավունքի ապահովման՝ պետության համապատասխան պոզիտիվ պարտավորությունների համատեքստում, որից բխում է անձի կյանքի և առողջության համար առկա վտանգի պարագայում հավաքների ազատության իրավունքի ապահովման նպատակով բավարար միջոցների, այդ թվում՝ համապատասխան դեպքերում՝ վրանի տեղադրման թույլատրման անհրաժեշտությունը:

Հավաքի ժամանակ վրանի տեղադրման ինքնըստինքյան անթույլատրելիությունը չի բխում ո´չ ՀՀ օրենսդրության պահանջներից և ո´չ էլ միջազգային իրավական չափորոշիչներից: Նման մոտեցման մեխանիկական կիրառումը վրանի տեղադրման բոլոր դեպքերի նկատմամբ հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի պահանջներին և ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին:

Իսկ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով իրենց լիազորություններն իրականացնելիս, պարտավոր են ղեկավարվել համաչափության, կամայականության արգելքի և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով: Հետևաբար, մեկ վրանի տեղադրումը, որպես եղանակային վատ (ցուրտ) պայմաններով պայմանավորված հավաքն ուղեկցող գործողություն, իրավաչափ է և չի հակասում ՀՀ օրենսդրության պահանջներին:

Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, հավաքի մասնակիցների կյանքի ու առողջության պաշտպանության կարևորությունը և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի դրույթներով` խնդրում եմ հնարավորինս սեղմ, բայց ոչ ուշ, քան 2-օրյա ժամկետում պարզաբանումներ տալ հավաքի վայրում վրան տեղադրելն արգելելու հիմքերի ու պատճառների վերաբերյալ, քննարկել վրան տեղադրելը թույլատրելու հարցը և արդյունքների մասին իրազեկել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG