Մատչելիության հղումներ

Անցած գիշեր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում կրկին լարված է եղել, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ կիրառելով ականանետեր, նռնականետեր, զենիթահրթիռային կայանք։ Շփման գծում իրավիճակը լարված է մնում արդեն մեկ շաբաթ. հայկական կողմը այդ ընթացքում երկու զոհ է տվել։

Ադրբեջանական կողմը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ երեկ նաև հրասայլ էր գործի դրել։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ խորհրդարանում մտահոգություն էր հայտնել՝ նշելով, որ լարվածությունը հասել է իր գագաթնակետին։

«Միանգամից պետք է ասեմ, որ սա տրամաբանական շարունակությունն է Ադրբեջանի ղեկավարության վարած քաղաքականության, որը տանում է դեպի ապակայունացում՝ չհասկանալով, որ բանակցային գործընթացում միայն և միայն խաղաղ պայմաններ են և առաջին գծում վստահության մթնոլորտի ստեղծումն է, որոնք կարող են տանել երկխոսության և հարցի վերջնական լուծման»,- ասել էր նախարարը։

Օհանյանի խոսքով՝ սահմանային այս լարվածության վրա կարող էր ազդել մի քանի գործոն` Սարգսյան-Ալիև նախապատրաստվող հանդիպումից մինչև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Խորհրդարանի ամբիոնից քննադատելով Ադրբեջանին՝ պաշտպանության նախարարը մտահոգություն էր հայտնել, որ Բաքուն բանակցային գործընթացը տանում է դեպի լարում, և կոչ արել միջազգային կառույցներին քայլեր ձեռնարկել հրադադարի խախտման միջադեպերը քննելու համար։

«Այս ամենը խոսում է այն մասին, որ մենք իրականության մեջ պետք է լուրջ աշխատանք տանենք նաև միջազգային կառույցների ընդգրկմամբ՝ համապատասխան մեխանիզմների ձևավորման համար։ Ուզում եմ նաև ասել, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի իրականության մեջ նոր զսպման մեխանիզմներ ձևավորվեն, որոնք հակառակորդին կստիպեն զերծ մնալ այսպիսի ոտնձգություններից»,- նշել էր նա։

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով, սահմանային վերջին լարվածության վրա կարող էր ազդել նաև ռուս-թուրքական ճգնաժամն ու այն հանգամանքը, որ Ռուսաստանն այժմ ամրապնդում ու համալրում է Գյումրիում տեղակայված իր ռազմաբազան։

«Սա Ադրբեջանի պատասխանն է, որն արտահայտում է նրա դժգոհությունը Ռուսաստանի քայլերի առնչությամբ»,- ասաց Կիրակոսյանը։

Փորձագետը մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար է'լ ավելի սրել իրավիճակը` նպատակ ունենալով հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայել.- «Կա վտանգ, որ Ռուսաստանը կուզենա հեռանալ ստատուս քվոյից և ավելին ստանալ հակամարտությունից այն առումով, որ կարողանա խաղաղապահներ տեղակայել։ Սա Հայաստանի շահերին դեմ է, քանի որ պատճառ չկա ռազմական իշխանությունը հանձնել ցանկացած այլ օտարերկրյա ուժի՝ ոչ ՆԱՏՕ-ին, ոչ էլ Ռուսաստանին»։

Ի տարբերություն Ղարաբաղի՝ հայ-ադրբեջանական հատվածում վիճակը համեմատաբար հանգիստ է, «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեր պաշտպանունակությունը միշտ բարձր է, և մեր պատասխան գործողությունները միշտ էլ իրենց արդյունքը տվել են»,- ասաց նա։

XS
SM
MD
LG