Մատչելիության հղումներ

ԵՄ-ն կոչ է անում ընտրախախտումների թափանցիկ քննություն անցկացնել


Եվրամիության և Հայաստանի դրոշները, արխիվ

Եվրամիության և Հայաստանի դրոշները, արխիվ

Վերջին օրերի ընթացքում սա միջազգային կառույցների արդեն չորրորդ ուղերձն է Հայաստանի իշխանություններին՝ խախտումների շուրջ քննություն անցկացնելու:

«Առանց ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների թափանցիկ քննության և դրանց հաստատման դեպքում խախտումների շտկման` դեկտեմբերի 6-ի հանրաքվեն կմնա մեկ այլ բաց թողնված հնարավորություն՝ Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բարձրացման և դրանց ամբողջականության ապահովման տեսանկյունից»,- այսօր հայտարարել են Հայաստանում Եվրամիության պետությունների դեսպանատներն ու Երևանում ԵՄ պատվիրակությունը:

Եվրոպացի դիվանագետները նշում են, որ ի գիտություն են ընդունում ոչ միայն հանրաքվեի նախնական արդյունքները, այլև «մի շարք ընդդիմադիր քաղաքական առաջնորդների և անկախ դիտորդների մտահոգություններն ու կոչ են անում Հայաստանի իշխանություններին կատարել ընտրախախտումների վերաբերյալ արժանահավատ հաղորդումների թափանցիկ և լիարժեք քննություն»:

Համատեղ հայտարարությամբ Եվրամիության դեսպանատները ընդգծում են.- «Հանրաքվեի վերջնական արդյունքների պաշտոնապես հաստատման պարագայում, անհրաժեշտ է ամեն ինչ անել, որ նոր Սահմանադրությունը չմնա թղթի վրա: Մենք վերստին ընդգծում ենք, որ կարևոր է ընդունել նոր Ընտրական օրենսգիրք՝ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկներին համապատասխան, հերթական խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ»։

Վերջին օրերի ընթացքում սա միջազգային կառույցների արդեն չորրորդ ուղերձն է Հայաստանի իշխանություններին՝ խախտումների շուրջ քննություն անցկացնելու: Ավելի վաղ «Ազատության» հարցին ի պատասխան՝ Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ընտրակեղծիքների վերաբերյալ պնդումների լիարժեք քննության կոչ էր արել, որպեսզի հանրաքվեի գործընթացը արժանահավատ լինի:

Նույն օրը՝ դեկտեմբերի 8-ին, հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ դեսպանատունը։ «Քաղաքական կուսակցությունների ու անկուսակցական դիտորդների արժանահավատ հաղորդումներն ընտրախախտումների վերաբերյալ մտահոգիչ են և պետք է լիարժեք հետաքննվեն՝ համոզելու հայ ժողովրդին, որ հանրաքվեի արդյունքները վստահելի են և լեգիտիմ»,- ասված էր հայտարարությունում։

Իսկ երեկ ֆեյսբուքյան ճեպազրույցի ընթացքում պատասխանելով «Ազատության» հարցին՝ դեսպան Ռիչարդ Միլզը ընդգծեց. - «ԱՄՆ կառավարությունը և դեսպանատունը խորապես մտահոգ են Հայաստանում հանրաքվեի ընթացքում տեղ գտած ընտրախախտումների մասին արժանահավատ հաղորդումներով, և որպեսզի հայ ժողովուրդը վստահություն ունենա հանրաքվեի արդյունքների նկատմամբ, դրանք պետք է հետաքննվեն»:

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանը, արձագանքելով Եվրամիության երկրների դեսպանների այսօրվա հայտարարությանը, ասաց՝ ամեն ինչ անելու են, որ ընտրախախտումների մասին հաղորդումների քննությունը լինի թափանցիկ ու անաչառ:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս քննության, իրավապահ մարմինների գործունեության արդյունքում որպես վերջակետ իսկապես փարատենք մեր ժողովրդի կասկածները։ Իսկ մյուս առումներով Եվրամիությունը, թե մյուս դեսպանները մեր գործընկեր-ընկերներն են, բայց ես կարծում եմ, որ շատ ավելի կարևոր է մեր ժողովրդի մոտ վստահությունը բարձրացնելը»,- ասաց ՀՀԿ-ի ներկայացուցիչը։

Դատախազության երեկվա հաղորդագրության համաձայն, տասը քրեական գործ է հարուցվել ընտրախախտումների վերաբերյալ:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ողջունելով Եվրամիության պետությունների ներկայացուցիչների այսօրվա հայտարարությունը, ասաց.- «Ես կարծում եմ՝ իսկապես դրսից զգացվում է ճնշումը էդ հանցագործությունների մի մասը գոնե բացահայտելու համար։ Ես 2-3 օր անց եմ կացրել կամ Քննչական կոմիտեում կամ ոստիկանությունում և մի բան կարող եմ արձանագրել, որ և՛ դատախազությունը, և՛ քննչականը, և՛ ՀՔԾ-ն փորձում են արագ անել այն, ինչ անելու են։ Այսինքն իրենց վրա ժամկետ կա դրված՝ գործերը արագ նայել և որոշել՝ որն է քրեականի տակ գնում, որը պետք է շարունակություն չունենա։ Էդ առումով օպերատիվությունը զգում եմ, արդյունքը չգիտեմ ինչ կլինի»։

XS
SM
MD
LG