Մատչելիության հղումներ

Ազատության հրապարակից մեկնարկել է ՀԱԿ-ի հրավիրած երթը դեպի ԿԸՀ


Ազատության հրապարակից մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված երթը։ Երթը հրավիրել է Հայ ազգային կոնգրեսը, որին միացել են «Ժառանգություն» կուսակցությունը, «Չե՛ք անցկացնի», «Նոր Հայաստան» նախաձեռնությունները, Ազգային ինքնորոշում միավորումը։

Երթի մասնակիցները շարժվում են դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելու անվավեր ճանաչել հանրաքվեն։

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հանրաքվեի ընթացքում ձևավորվել է յուրահատուկ «եղբայրության բանակ», որը պետք է զարգացնել ու դարձնել «ազատ և արդար ընտրությունների նոր երաշխավորը Հայաստանում»։

«Այդ բանակում նաև տեղավորում եմ լրագրողներին։ Մեզ հանրաքվեին միավորում էր մեկ նպատակ՝ թույլ չտալ, որ գողանան ժողովրդի ձայնը։ Հիմա պետք է այդ ազատության բանակն աճի, մեծանա, ընդգրկի նորանոր մարդկանց և դառնա ազատ և արդար ընտրությունների նոր երաշխավորը Հայաստանում», - ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

Նա նշեց, որ այդ «ազատության բանակը» չպետք է լինի որևէ քաղաքական ուժի մենաշնորհը։ «Հիմա տարբեր քաղաքական ուժեր ուզում են օգտվել առիթից, իրենց թևի տակ կառուցեն ինչ-որ բան, սա անիմաստ մի բան կդառնա ու ցույց կտա էդ կուսակցությունների շահախնդիր մոտեցումը։ Սա պետք է լինի ազնիվ, քաղաքական ուժերի, ժողովրդի ակտիվ մասի համատեղ մի ձեռնարկություն, որի նպատակն է լինելու միավորել ընտրական պայքարում բոլոր ազնիվ մարդկանց», - հայտարարեց Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG