Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում խստորեն պահպանել հրադադարը


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբի, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբի, արխիվ

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը իր խորին ցավակցություններն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում վերջին միջադեպերի ժամանակ զոհվածների և վիրավորվածների ընտանիքներին, ընդգծում, որ բռնության աճն ու ծանր զինատեսակների կիրառումն անընդունելի են, ու կոչ անում կողմերին խստորեն հետևել հրադադարի ռեժիմին: Այդ մասին երեկ հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Ջոն Քըրբին:

Պետդեպարտամենտում ճեպազրույցի ժամանակ թղթակիցներից մեկի հարցին ի պատասխան Քըրբին նաև հիշեցրել է կողմերին, որ այդ հարձակումները չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանձնառությանը: «Այս ամիս ավելի ուշ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն անցկացնելու են հաջորդ գագաթնաժողովը նախագահների միջև», - ասել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության խոսնակը՝ կողմերին կոչ անելով ձեռնարկել բոլոր քայլերը բռնությունից խուսափելու և առաջիկա բանակցությունների մթնոլորտը բարելավելու համար:

Հարցին էլ՝ իրենց մտահոգո՞ւմ է արդյոք, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարվածությունը կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի շիկացմանը, Քըրբին պատասխանել է, որ իրենք անհանգստացած են բուն լարվածության աճով՝ անկախ դրա աղբյուրից: Նա հավելել է, որ երկու դեպքում էլ կցանկանային տեսնել լարվածության թուլացում և սառը դատողության գերիշխում: «Բայց պատճառահետևանքային կապ տեսնելուց առաջ, միայն հայտարարեմ, որ մենք, ինչպես ասացի, մտահոգված ենք այս բռնությամբ և անշուշտ շարունակում ենք դիտարկել Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները՝ հատկապես մի քանի շաբաթ առաջ [թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական օդանավը] վայր գցելու հետ կապված: Մենք ցանկանում ենք տեսնել լարվածության թուլացում», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG