Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ դիմել է իրավապահ մարմիններին


Կարեն Անդրեասյան, արխիվ
Կարեն Անդրեասյան, արխիվ

Այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Կարեն Անդրեասյանը սահմանադրական հանրաքվեի ընթացքում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ գրություն է ուղարկել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին։

ՄԻՊ-ի գրասենյակի փոխանցմամբ՝ ներկայացնելով կասկած հարուցող իրենց հայտնի բոլոր միջադեպերի ցանկը, օմբուդսմենը խնդրել է իրավապահ մարմիններին իրենց իրավասությունների շրջանում ուսումնասիրել նշված դեպքերը, ձեռնարկել համապատասխան միջոցներ և հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել պատասխանները։

Ըստ գրության, դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած խախտումների վերաբերյալ գրասենյակը ստացել է 67 ահազանգ: «Բացի նշված ահազանգերից, եղել են նաև համանման խախտումների վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ, որոնց իսկությունը դեռևս ամբողջությամբ ստուգված չէ: Հնարավոր խախտումների մասին այս տեղեկությունները խորապես մտահոգել են մեզ և քվեարկությանը մասնակցած բազմաթիվ քաղաքացիների, ինչպես նաև առաջացրել են առանձին քաղաքական ուժերի ու միջազգային որոշ գործընկերների անհանգստությունը», - ասված է օմբուդսմենի գրությունում։

Ըստ գրասենյակի հաղորդագրության, ստացած ահազանգերից ու տարածված մյուս տեղեկություններից առանձնացվել են հատկապես այն խնդիրներն ու միջադեպերը, որոնք ամենախնդրահարույցն են և առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ:

«Չափազանց կարևոր է նաև, որ բոլոր ահազանգերի ու գանգատների մանրակրկիտ ստուգման արդյունքում բացահայտվեն նաև վարչական ռեսուրսի օգտագործման բոլոր դեպքերը, և նման չարաշահում թույլ տված պաշտոնատար անձինք ևս ենթարկվեն խստագույն պատասխանատվության», - ասված է գրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG