Մատչելիության հղումներ

Արշակ Մուսախանյան. «Դա խուժանություն էր, դա հանրաքվե չէր»


Արմեն Գրիգորյանը (ձախից) և Արշակ Մուսախանյանը «Ազատություն TV»-ի եթերում, 9-ը դեկտեմբերի, 2015թ․

Արմեն Գրիգորյանը (ձախից) և Արշակ Մուսախանյանը «Ազատություն TV»-ի եթերում, 9-ը դեկտեմբերի, 2015թ․

Ըստ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամի, հանձնաժողովներում եզակի քաղաքական ուժը, որ փորձել է վերահսկել հանրաքվեի ընթացքը, եղել է ՀԱԿ-ը։

«Ե՛վ «Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ), և՛ ՀՅ Դաշնակցությունը (ՀՅԴ), և՛ Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) իրենք քաղաքական կուսակցություններ չեն, էն, ինչ կատարվել է՝ դա խուժանություն էր, դա հանրաքվե չէր, և նրանք այդ խուժանության մասնակիցներն են եղել», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Ոչ»-ի միասնական շտաբին միացած «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը։

«Հանձնաժողովում շատ տեղամասերում եզակի քաղաքական ուժը, որ փորձել է վերահսկել հանրաքվեի ընթացքը, եղել է Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), նաև որոշակի աջակցություն է ցուցաբերել «Ժառանգություն»-ն ու «Ժառանգության» այն անդամները, որոնք իսկապես ժառանգականներ են եղել և ընդդիմադիրներ են եղել», - ասաց Մուսախանյանը։

Նրա պնդմամբ՝ և՛ Դաշնակցությունը, և՛ «Բարգավաճ Հայաստան»-ը, և՛ Հանրապետական կուսակցությունը համակարգված ընտրակեղծարարության մի թիմ է եղել, որը փորձել է կեղծել ամեն ինչ։

Հանրապետականները, արձագանքելով ընդդիմության այն պնդումներին, որ «այո»-ի օգտին գումարներ են բաժանվում, կրկնաքվեարկություններ, լցոնումներ են տեղի ունենում, շարունակ ասել են՝ «մեզ պետք չեն արջի ծառայություն մատուցողներ»։ «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ եք բացառում, որ մարդիկ կարող է իսկապես հանրապետականներին «արջի ծառայություն են մատուցել», «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության մեկ այլ ներկայացուցիչ՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց. - «Եթե իշխող կուսակցությանը մարդիկ «արջի ծառայություն» չմատուցեին, «ոչ»-ը միանշանակ հաղթելու էր, դա միանշանակ է։ Նորից ուզում եմ վերադառնալ էդ մարդկանց մասնակցությանը. այն ընտրատեղամասերում, որտեղ եղել է 40 տոկոս մասնակցություն, «ոչ»-ը հաղթել է, եթե «արջի ծառայությունը» չլիներ, եթե լցոնումներ չլինեին, եթե բռնաճնշումներ չլինեին, եթե «այո»-ի տրցակը «ոչ»-ի հաշվին ավելացնելը չլիներ, եթե վերջին պահին նորից վերահաշվարկից հետո արձանագրությունները փոխել չլիներ, ապա «այո»-ն հստակ պարտվելու էր»։

Գրիգորյանը պնդեց, որ այդ «հանցագործությունը որոշակի չափով կատարվել է նաև ոստիկանության մասնակցությամբ»: «Ինչ առումով․ երբ որ ընտրատեղամասում ինչ-որ կռիվ էր կամ վեճ էր սկսվում, ոստիկանությունը փակում էր իր աչքերը, երբեմն դուռն էին փակում, այսինքն՝ տոտալ մասնակցություն է եղել։ Սա համակարգված է եղել, սա չի կարելի ասել «արջի ծառայություն», - ընդգծեց «Չե՛ք անցկացնի»-ի ներկայացուցիչը։

XS
SM
MD
LG