Մատչելիության հղումներ

Գերմանիայի և Հայաստանի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները


Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր այցելել է Բեռլին, որտեղ նույն օրը կայացել է երկու նախարարների հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները: Կարևորվել են նախօրեին մեկնարկած Հայաստան-ԵՄ նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունները։

Գալիք տարի ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության համատեքստում Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել կազմակերպության օրակարգային հարցերի, Բելգրադի նախարարական խորհրդի արդյունքների, գերմանական նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ։

«Նախարար Նալբանդյանը գերմանացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը: Հայաստանի ԱԳ նախարարը հրավիրեց Գերմանիայի արտգործնախարարին այցելել Հայաստան»,- ասված է հաղորդագրությունում։

Զրուցակիցներ նաև նշել են, որ Հայաստանն ու Գերմանիան արդյունավետ համագործակցում են խաղաղապահ գործողությունների շրջանակներում, մասնավորապես՝ Աֆղանստանում։ Նրանք անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունների իրականացմանը, Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին, Միջին Արևելքում իրավիճակին, սիրիական ճգնաժամին, ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ միջազգային հանրության ջանքերին:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: «Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նաև մի շարք հրատապ տարածաշրջանային հարցերի շուրջ»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Նալբանդյանը նաև հանդիպում է ունեցել Գերմանիա - Հայաստան ֆորումի ներկայացուցիչների հետ՝ Բունդեսթագի պատգամավոր, ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերի գլխավորությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG