Մատչելիության հղումներ

ԵՄ-ն արդեն կես տարուց կարող է վերացնել վիզային ռեժիմը Վրաստանի և Ուկրաինայի հետ


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Մոլդովայի այժմ նախկին վարչապետ Յուրիե Լեանկան և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Բրյուսելում մասնակցում են Եվրամիության գագաթնաժողովին, 27-ը հունիսի, 2014թ․

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Մոլդովայի այժմ նախկին վարչապետ Յուրիե Լեանկան և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Բրյուսելում մասնակցում են Եվրամիության գագաթնաժողովին, 27-ը հունիսի, 2014թ․

Դեկտեմբերի 15-ին ակնկալվում է Եվրահանձնաժողովի կազմում գործող հատուկ փորձագիտական խմբի զեկույցի հրապարակումը:

Չի բացառվում, որ արդեն կես տարի անց` 2016-ի ամռանը, Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիները հնարավորություն ստանան առանց մուտքի վիզաների մեկնել Եվրամիության երկրներ: Այս մասին երեկ հաղորդեց Die Welt-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաներից մեկին:

Գերմանական պարբերականի տեղեկություններով՝ ակնկալվում է, որ արդեն հաջորդ շաբաթ` դեկտեմբերի 15-ին, Եվրամիության ղեկավար մարմնի` Եվրոպական հանձնաժողովի կազմում գործող հատուկ փորձագիտական խումբը կհրապարակի Ուկրաինայի և Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման պրոցեսին նվիրված զեկույցը: Դրանում, ըստ գերմանացի լրագրողների, հստակ առաջարկ կա` Վրաստանի և Ուկրաինայի հետ 2016-ի հունիս-հուլիս ամիսներից ազատ վիզային ռեժիմ սահմանել: Եթե Եվրամիության անդամ բոլոր պետությունները հավանություն տան Եվրահանձնաժողովի այս զեկույցին, ապա ամառվանից սկսած արդեն Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիները իրավունք կստանան վեց ամիսը մեկ առանց մուտքի արտոնագրի մեկնել Եվրամիության երկրներ` այնտեղ մնալով երեք ամսից ոչ ավելի:

Այսպիսով, եթե Եվրոպական հանձնաժողովի առաջարկը հաստատվի, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած բոլոր երեք հետխորհրդային պետությունները ազատ վիզային ռեժիմի կանցնեն: Հիշեցնենք, որ Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի իրավունքն առաջինը շնորհվեց Մոլդովային դեռ 2014 թվականին:

Ի դեպ, Die Welt-ի հրապարակման ի հայտ գալուց մի քանի ժամ առաջ վրացական խորհրդարանը հատուկ ուղերձով դիմեց Եվրամիության ղեկավարներին` կոչ անելով օր առաջ ազատ վիզային ռեժիմ սահմանել Եվրամիության և Վրաստանի միջև: Ընդդիմադիր Ազգային միացյալ շարժումը, սակայն, պահանջում էր, որ Բրյուսել ուղարկվող այդ փաստաթղթում հստակ նշված լինի Վրաստանում առկա խնդիրների` մասնավորաբար խոսքի ազատության և մարդու իրավունքների սահմանափակումների մասին:

«Մենք ընդամենը մեկ նախադասություն ենք առաջարկում ավելացնել այդ փաստաթղթում՝ «Վրաստանի խորհրդարանը կոչ է անում երկրի կառավարությանը հարգել մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական սկզբունքները», - նշում էր ընդդիմադիր պատգամավոր Ակակի Մինաշվիլին:

Բանաձևի հեղինակ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Վիկտոր Դոլիձեն, սակայն, կոչ էր անում կենտրոնանալ Վրաստանում արձանագրվող դրական զարգացումների վրա:

«Ես հասկանում եմ, որ խնդիրներ կան թե՛ լրատվամիջոցների ազատության, թե՛ դատախազության գործունեության հետ կապված: Չնայած դրան՝ ես կարծում եմ, որ սրանք գործընթացներ են, որոնք պետք է ծավալվեն երկրի ներսում», - հայտարարում էր Դոլիձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG