Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց Սերժ Սարգսյանին՝ «ուժեղ եղի'ր և հրաժարական տո'ւր


Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում

Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում

Ուրբաթօրյա հանրահավաքին ընդառաջ «Նոր Հայաստան»-ը Սերժ Սարգսյանի պաշտոնանկության պահանջ է դնում: Նստացույցի իններորդ օրը Րաֆֆի Հովհաննիսյանը չհստակեցրեց՝ որքան է շարունակվելու շուրջօրյա ակցիան՝ միաժամանակ ընդգծելով, թե հաջորդ հանրահավաքից պայքարի վերջին փուլն է մեկնարկում։

«Ոչ մեկը չգիտի այդ ո՛ր օրն է, որ նշվելու է մեր երեխաների, թոռնիկների դասագրքում, բայց այդ օրը կլինի, միգուցե անակնկալ կլինի։ Ուրբաթ օրվանից սկսվում է սկսվում է վերջին արարը, վերջնախաղը, պատվով կատարեք այդ վերջնախաղը, պարո՛ն Սարգսյան։ Ազատի որդի Սերժ, ուժեղ եղի՛ր և հրաժարական տո՛ւր»։

«Ժառանգության» առաջնորդը խիստ քննադատության ենթարկեց հանրաքվեի հաջորդ օրը նախագահականում կազմակերպված ընդունելությունը, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե կառավարման խորհրդարանական համակարգն արդեն իրականություն է։

«Եվ այդքանից հետո երկրաշարժի տարելիցի օրը փոխանակ ժողովրդի աչքի մեջ նայի էդ մարդը, հայելու մեջ նայի, փոխանակ Գյումրի գնա, Սպիտակ, Վանաձոր կամ Ստեփանավան, մտածեր գնալ մի շիրիմ, մի տուն, մի հուշարձան, նույն օրը հրավիրում է ժողով, կուսակցական ժողով, հանցագործների ժողով»,- ասաց նա։

Րաֆֆի Հովհաննիսյանի վրդովվեցրել էր Սերժ Սարգսյանի ելույթի հատկապես այն հատվածը, երբ «Ոչ»-ի ճակատի մասին խոսելով՝ ասել էր, թե երկրի ներսում ճակատ-ճակատի դուրս գալու ու կռիվ տալու կարիք չպետք է լինի։

«Հենց Սերժ Սարգսյանն է, որ դեկտեմբերի 6-ին 2000 ճակատ, բարիկադ, պատնեշ ստեղծեց ընտրատեղամասերում իր սեփական ժողովրդի դեմ»,- ասաց Հովհաննիսյանը։

Դեկտեմբերի 7-ին Բաղրամյան 26 գնացած քաղաքական ուժերից ընդդիմադիր առաջնորդը հատկապես Դաշնակցությանն առանձնացրեց, քանի որ, ինչպես Րաֆֆին Հովհաննիսյանը ձևակերպեց, մնացածին կարող է այդքան չհարգել.- «Ողջունում է սեփական, մեր երկրում շարքային քաղաքացիների ստրկացումը, նրենց քվեների գողությունը։ Սա ճանապարհ չէ»։

Այսօրվա հավաքին Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև իրենց պայքարին չմիացած ընդդիմադիր գործընկերներին. թեև անուն չտվեց, բայց, ըստ էության, Նիկոլ Փաշինյանին ակնարկեց.- «Եթե ուզում ենք դառնալ ինստիտուցիոնալ ընդդիմություն, ժողովրդին պատկանող իշխանություն, պիտի միացնենք մեր ուժերը։ Բայց չմասնակցեք, հետո արդեն անցավ, ժողովրդի քվեն գողացան, կարող ենք ասել՝ օ, ես դա գիտեի, դրա համար չմասնակցեցի։ Դա ի՞նչ բացատրություն է, Աստված տվել է կյանք, օրեր, որ պայքարենք հնարավոր բոլոր եղանակներով»։

Վաղը «Նոր Հայաստան»-ը մասնակցելու է մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված Հայ ազգային կոնգրեսի ամենամյա երթին, որն այս անգամ դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով է՝ քվեարկությունն անվավեր ճանաչելու պահանջով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG