Մատչելիության հղումներ

logo-print

ՀՅԴ վստահված անձ․ «Թերթիկները փոխեցին, դա ժողովրդի քվեն չէր»


ՀՅԴ վստահված անձ Իվան Արդհալջյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՅԴ վստահված անձ Իվան Արդհալջյանի ֆեյսբուքյան գրառումը

4/32 տեղամասում այսօր կատարված վերահաշվարկը, սակայն, պատկեր չփոխեց:

Ընտրատեղամասերից մեկում ՀՅԴ կուսակցության վստահված անձ, սահմանադրական փոփոխությունների կողմնակից Իվան Արդհալջյանը ցավում է, որ չկարողացավ պաշտպանել 677 ընտրողների քվեները: Հանրաքվեից հետո «ֆեյսբուք»-ում նրա կատարած «Այո, բայց ոչ» վերնագրով գրառումը մեծ արձագանք է ստացել:

Ողջ օրը հարթ ընթացած քվեարկությունից հետո, ըստ Արդհալջյանի, հաշվարկի ժամանակ կրկնակի առավելությամբ հաղթում էր «ոչ»-ը: «4/32-ում կասեմ, որ փոխվեցին քվեաթերթիկները, և ժողովրդին կամքը չկատարվեց»,- «Ազատության» հետ զրույցում ասաց նա, հավելելով՝ «մեր պարագային, հստակ «ոչ»-ն էր հաղթում»:

Արձանագրության մեջ և ԿԸՀ-ի հրապարակած արդյունքներում, սակայն, բոլորովին այլ պատկեր է արձանագրվել՝ 521 «այո», 123 «ոչ»: Արդհալջյանն ասում է՝ «ոչ»-ի տրցակում «այո»-ներ են հայտնվել այն բանից հետո, երբ տեղամաս եկած դիտորդները կռիվ են սարքել, ապա, ոստիկանների միջամտությունից հետո, հեռացել: Ըստ Արդհալջյանի, հանձնաժողովի հանրապետական նախագահ Արտավազդ Մակարյանը ևս տեղամասից դուրս է եկել :

«Այդ տղաները որ կռվեցին, 4 րոպեից ոստիկանները եկան, ամեն ինչ հանդարտվեց, հետո այս տղաներն արդեն ուզեցին դուրս գալ սենյակից: Դուրս եկան և մենք շարունակեցինք, շատ չէր մնացել՝ մոտավորապես 30-40 քվե էր մնացել, որ հաշվեինք բացահայտորեն: Հետո նախագահը ուզեց դուրս գալ սենյակից էն պատճառաբանությամբ, որ ուզում է մեքենան խոդ տալ: Ես շատ զարմացա․․․ փաստորեն ինքը էդ էլ չէր կարող անել՝ ինքը չպետք է դուրս գար, ընդմիջում չի կարելի անել: Հետո, հանկարծ որ քվեաթերթիկները դրեցինք, «այո»-ի տրցակը էդտեղ էր, մյուս նման տրացակը «ոչ»-ի․․․ առաջին մի քանի հատը «ոչ» էին, իսկ մնացածը դարձել էին արդեն «այո»»,- «Ազատությանը» պատմեց ՀՅԴ-ի վստահված անձը:

Նա հավելեց, թե այս ամենը տեսնելով՝ բողոքել է ու դուրս եկել: «Դա ժողովրդի քվեները չէր, համոզված եմ: Ես ինձ բռնաբարված եմ զգում ու ոչ միայն ես, այլ 677 քաղաքացիներ իմ հետս բռնաբարվեցին»,- ասաց Արդհալջյանը:

4/32 տեղամասի հանձնաժողովի նախագահ Արտավազդ Մակարյանը չցանկացավ նկարահանվել, բայց կտրականապես հերքեց, թե նման միջադեպ է տեղի ունեցել ու արդյունքները փոխվել են:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ընդունում է՝ խախտումներ արձանագրվել են, սակայն, դրանք «հանրաքվեի արդյունքների վրա չեն ազդել»:

Ի դեպ այսօր 4/32 տեղամասում ՀԱԿ-ի և «ժառանության» ներկայացուցիչների դիմումների հիման վրա վերահաշվարկ տեղի ունեցավ, որն անցավ բավական լարված մթնոլորտում: Վերահաշվարկի արդյունքում, սակայն, աննշան տարբերությամբ արձանագրվեց քվեարկության գրեթե նույն պատկերը:

XS
SM
MD
LG