Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները 2015-ին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հետընթաց են արձանագրել


Ոստիկանությունը ջրցան մեքենայով ցրում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ դուրս եկած ցուցարարներին, 23-ը հունիսի, 2015թ.
Ոստիկանությունը ջրցան մեքենայով ցրում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ դուրս եկած ցուցարարներին, 23-ը հունիսի, 2015թ.

Այս տարի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հետընթաց արձանագրվեց, հայտարարում են իրավապաշտպանները՝ մատնանշելով երկու իրադարձություն՝ սահմանադրական հանրաքվեն և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաները Բաղրամյան պողոտայում։

«Իրավունքի գերակայություն» կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը կարծում է, որ իշխանությունը կամք չի ցուցաբերել ժողովրդավարական պետություն ձևավորելու հարցում։

«Երկու մեջ միջոցառում է տեղի ունեցել՝ հանրաքվեն և բողոքի ակցիան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։ Բավականին շատ մարդիկ են ձերբակալված եղել՝ օրենքով չնախատեսված ձևով, ժամկետում, պայմաններում, և որևէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվել»,- նկատեց Զեյնալյանը։

Իրավապաշտպան Արման Դանիելյանը իշխանություններին հիշեցնում է եվրոպական կառույցների առջև ստանձնած պարտավորությունները՝ ընդգծելով՝ ի տարբերություն Արևմուտքի, Հայաստանում ստեղծված են այնպիսի մեխանիզմներ, որ խախտումները չվերացվեն։

«Մեր ուղենիշը Միջին Ասիան չէ, ոչ էլ Ադրբեջանը, մեր ուղենիշը եվրոպական ժողովրդավարությունն է, եկեք զուգահեռներ տանենք դրա հետ ու տեսնենք մեր ընտրությունները ինչպես են անցնում, իրենց մոտ ինչպես են անցնում, մեզ մոտ ինչպես է պաշտպանվում, օրինակ, սեփականության իրավունքը, իրենց մոտ՝ ինչպես։ Թող էդպիսի զուգահեռներ տանեն, կարծում եմ՝ երկար չեն մտածի, որ պատասխան ստանանք»,- ասաց Դանիելյանը։

Հավաքների անցկացման, ընտրական իրավունքի խախտումներից բացի անցնող տարում համատարած են եղել նաև սեփականության իրավունքի խախտումները, շարունակում է Զեյնալյանը՝ փաստելով, որ մեկ տարվա ընթացքում կայացվել է 2 միլիոնի հասնող տուգանքի որոշումներ, որոնց հետևանքով արգելափակվել են մարդկանց հաշիվները։

«Երևանի քաղաքապետարանի կամ Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքի վերաբերյալ յուրաքանչյուր որոշումը միջամտություն է սեփականության իրավունքին։ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից գումարներ բռնագանձելը ևս սեփականության իրավունքի խախտում է։ Սա կրում է համատարած բնույթ։ Սա միջամտություն է սեփականության իրավունքին հարյուր հազարներով»,- ասաց նա։

Իրավապաշտպաններն ընդգծում են՝ ընտրախախտումները, խոսքի ազատության սահմանափակումներն ու ուժային կառույցներում շարունակվող խոշտանգումները շատերին են ստիպում արտագաղթել։ Իսկ իրավիճակը չի փոխվում, քանի որ հնարավոր չի լինում անցկացնել ազատ ու արդար ընտրություններ, կարծում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

«Մենք ունենք իշխանություն, որը Հայաստանի Հանրապետությունում իշխում է արդեն երկար ժամանակ, բայց մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի կաթիլ անգամ չունի և չի էլ դրսևորում և չեն էլ թաքցնում դա ո՛չ քաղաքացիներից, ո՛չ էլ աշխարհից, քանի որ իշխանությունները իշխանության են գալիս ոչ թափանցիկ, ոչ ազատ և արդար, այլ կեղծված ընտրությունների արդյունքում, բնական է՝ նրանք անում են այն, ինչի համար որ իշխանության են եկել և ինչպես որ պատկերացնում են իշխանությունը»,- ասաց Հարությունյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG